Կառավարության որոշմամբ՝ Շիրակի մարզի Արթիկ համայնքում գտնվող դպրոցներից մեկի շենքը 20 տարով անհատույց օգտագործման իրավունքով հանձնվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստերը պատկանող ընկերությանը:
Այս որոշումն ընդգրկված էր Կառավարության դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգում: Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ 96 543 000 ՀՀ դրամ գնաահատված արժեքով 7316.7 քառ.մետր ընդհանուր մակերեսով դպրոցի շենքը (երկու հարկ և նկուղ), 40.5 քառ.մետր մակերեսով ենթակայանը, 25 քառ.մետր մակերեսով օժանդակ շինությունը, 87.12 քառ.մետր մակերեսով (200.37 խ.մ) պարիսպը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.76 հա հողատարածքը անհատույց օգտագործման իրավունքով 20 տարի ժամկետով հանձնել «Չեխ-Արմ-Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն՝ իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:
Ուշագրավն այստեղ ոչ միայն այն է, որ օպտիմալացման արդյունքում դատարկված Արթիկի թիվ 7 դպրոցի շենքը հանձնվել է մասնավոր ընկերության, այլ նաև այն, որ այդ ընկերության 50 տոկոսի բաժնետերը Սամվել Ալեքսանյանի դուստրն է՝ Աստղիկ Ալեքսանյանը: Մյուս 50 տոկոս բաժնեմասը պատկանում է Չեխիայի Հանրապետությունում գրանցված «GALYA STYEL» ընկերությանը, որը պատկանում է Արմեն և Անուշավան Սարգսյաններին։
Այս ընկերությունը զբաղվում է տեքստիլի արտադրությամբ և Կառավարություն ներկայացրած հիմնավորման համաձայն՝ պարտավորվում է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարվա ընթացքում շենքի վերակառուցման և տեխնոլոգիական սարքավորումների ձեռքբերման համար կատարել 1 մլն. ԱՄՆ դոլարի ներդրումներ:
Ընկերությունը պարտավորվել է ստեղծել 500 աշխատատեղ տեքստիլի ոլորտում: