Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը իրավական ակտերի, նախագծերի կայքում անցած շաբաթվա վերջին քննարկման է դրել Կառավարության որոշումների փաթեթը, որով առաջարկվում է ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ինչպես ներմուծումը, այնպես էլ շահագործումը Հայաստանում:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում վարորդների իրավապաշտպան, փաստաբան Արտակ Խաչատրյանն ասաց՝ աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ դրանք որևէ վտանգ չեն ներկայացնում.
«Մեր խորին համոզմամբ, վերլուծությամբ և փաստերով՝ աջակողմյան մեքենան բացարձակապես վտանգավոր չէ: Նախևառաջ՝ հավասար պայմաններ ունի ձախակողմյան մեքենայի հետ, անգամ առավելությւն ունի այնքանով, որ վարորդներն ավելի զգուշավոր են: Այսինքն՝ ղեկը մեջտեղից լիներ, հետևից, թե վերևից՝ վաղ թե ուշ՝ վթար լինելու է, որովհետև մեքենան արդեն իսկ վտանգավոր է: Բայց դա հիմք չի տալիս մտածելու, որ պատճառն աջ ղեկն է: Երբ վթար է լինում, պետությունը ստատիստիկա չունի, թե ինչն է վթարի պատճառը, մեղավորությունը որոշվում է կանոններով, ոչ թե ղեկի աջ կամ ձախ լինելով»,- ասաց նա:
Հարցին՝ ի՞նչ քայլեր են նախաձեռնում աջակողմյան ղեկով մեքենաների վարորդները, իրավապաշտպանը պատասխանեց.
«Նրանք դժգոհ են այս որոշումից և պատրաստվում են ցույցեր իրականացնել: Աշխատում ենք, որ այն մեր օրենքներին ու սահմանադրությանը համապատասխանի, հսկում ենք վարորդներին: Քաղաքակիրթ ձևով ենք ուզում անել, բայց տեսնենք՝ նրանք ինչպես որոշեն՝ այդպես էլ կանենք:
Քաղաքացիներից մեկն առաջարկեց՝ ասաց՝ դե որ իմ մեքենան վտանգ է ներկայացնում որպես աջ ղեկ ունեցող, ես համաձայն եմ՝ արգելե՛ք, բայց վտանգ է ներկայացնում նաև ձախ ղեկով ավտոմեքենան, արգելե՛ք նաև դա»,- նշեց փաստաբանը՝ ավելացնելով, որ դա անվտանգության հետ կապելն անհեթեթություն է:
Նա նշեց, որ վաղուց հայտարարել են, թե ամբողջ աշխարհում կա արագության չափ, սակայն շատ կարևոր է նաև երթևեկության անվանգության ապահովումը. «Մեզ մոտ հիմար պրակտիկա է ձևավորվել. եթե ճանապարհը վնասված է, այն նորոգելու փոխարեն ավելի հեշտ տարբերակ են ընտրում՝ արագության սահմանափակումն են իջեցնում՝ խնդրին լուծում տալու համար»,- նշեց փաստաբանը:
Խաչատրյանը համաձայն չէ նաև նախարարության հիմնավորման հետ. «Պետությունը ոչ վթարների, ոչ ներմուծման, ոչ տուգանքների դեպքում չի առանձնացնում աջ ղեկ է եղել, թե ձախ: Իրենք հիմնավորում են, թե վազանց կատարելու դեպքում ձախ կողմը չի երևում, բայց այդ խնդիրը կարելի է ընդամենը հայելիով լուծել: Նրանք չեն ասում՝ վազանց կատարելու դեպքում՝ օրինակ, 100-ից 90-ը աջ ղեկով մեքենաների դեպքում է եղել:
Պետք է նշեմ, որ վազանցից ավելի շատ վթարներ են եղել և մարդ է զոհվել հենց ձախակողմյան ղեկով մեքենաների դեպքում, և այդ առումով աջակողմյաններն ավելի զգույշ են», - ասաց փաստաբանը։
Արտակ Խաչատրյանի խոսքով՝ հանրության արձագանքն այս օրինագծի շուրջ մեծ է լինելու, քանի որ մարդիկ մտավախություն ունեն, որ իրենց սեփականության իրավունքից կամ զրկվելու են, կամ էլ սահմանափակում է լինելու:
Սոնա Հարությունյան