Այսօր Ազգային ժողովում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից լրագրողները հետաքրքվեցին վերջինիս կարծիքը աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի կողմից ՀՀ իշխանություններին ուղղված քննադատությունների մասին. «Շանսոնյեի խոսքին պետք է վերաբերվել որպես պատկերավոր խոսքի: Մաեստրոյին չի բավարարում երկրում իրավական համակարգի վիճակը, արդարադատության վիճակը, օրենսգրքերի վիճակը, հասարակության վիճակը։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ ինձ ևս այդ ամենը չի բավարարում։ Ու դա է պատճառը, որ մշտապես աշխատում ենք ու իրականացնում ենք բարեփոխումներ»։
Նախարար Հարությունյանի խոսքով՝ եթե որևէ մեկին վիճակը բավարարի, ապա նա չպետք է այլևս աշխատի նախարար, պատգամավոր և այլն։
Native ads by Caramel
Հիշեցնենք, որ Ֆրանսիական Nouvelles d’Armenie պարբերականին տված հարցազրույցում ֆրանսահայ երգիչ, երգահան Շառլ Ազնավուրը հանդես է եկել ՀՀ իշխանություններին ուղղված սուր քննադատությամբ: Երգիչը, մասնավորապես, նշել է՝ «Երբ մեկը երկու ձու է գողանում, նրան բանտարկում են, մինչդեռ այն մարդիկ, որոնք միլիոններ են գողանում, մնում են անպատիժ»: