«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Որտե՞ղ են լինելու Հայաստանի պաշտոնյաները տոնական օրերին, աշխարհի որ կետում են դիմավորելու Նոր տարին եւ ինչպես են անցկացնելու տոնական արձակուրդները: Մեր այս հարցերին պատասխանեցին պետական այրերի մամուլի խոսնակները:
Սերժ Սարգսյանը ավանդույթի համաձայն դեկտեմբերի 31-ին այցելելու է սահմանային դիրքեր: Նրան ուղեկցելու է ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը: Այս մասին տեղեկացանք ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից: Որտեղ է անցկացնելու Սերժ Սարգսյանը տոնական օրերն արդյոք մեկնելու է արձակուրդ, թե՝ ոչ, մեզ չհաջողվեց ճշտել, քանի որ ՀՀ նախագահի Խոսնակ Վլադիմիր Հակոբյանը չէր պատասխանում հեռախոսազանգերին:
«Վարչապետ Կարեն Կարապետյանն Ամանորը դիմավորելու եւ տոնական արձակուրդներն էլ անցկացնելու է Հայաստանում՝ ընտանեկան միջավայրում: Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նույնպես, ինչպես մեզ փոխանցեց ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը, Նոր տարին դիմավորելու է Հայաստանում, եւ մնացած ոչ աշխատանքային օրերը նույնպես անցկացնելու է Հայաստանում:
«Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն Ամանորին Հայաստանում է լինելու՝ տանը, նա միշտ էլ Հայաստանում է լինում»,- մեր հարցին այսպես պատասխանեց ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«ՀՀ Գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանը տոները դիմավորելու է Հայաստանում», տեղեկացանք ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից:
«Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը Ամանորը դիմավորելու է Հայաստանում եւ արձակուրդ չի գնալու»,- փոխանցեց ԱՆ մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում