«Ապրի՛ր նվաճելով [լիդերի օրագիր]». նոր ու շատ յուրօրինակ գիրք «Անտարեսից», որը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են տնօրինել իրենց կյանքը սեփական հայեցողությամբ։
Գիրքը ենթադրում է խելամիտ և իմաստասիրական ճաշակ ունեցող ընթերցող, հակառակ դեպքում այն կարող է վերածվել վտանգավոր գործիքի։
Ահա թե ինչու են որոշ մասնագետներ համոզված, որ այս գիրքը չի՛ կարելի տարածել մեր հասարակության մեջ։
«Երբ խանութում դանակ կամ մուրճ են վաճառում, - հակադարձում է փիլիսոփայության դասախոս Գևորգ Հակոբյանը՝ գրքի հեղինակը, - ոչ ոք չի հայտարարում, թե չի՛ կարելի, որովհետև դանակով կարող են մարդ սպանել, իսկ մուրճով էլ կարող են մատներին հարվածել։ Իմ գիրքը գործիք է. ով բարոյական է, ի բարիս կօգտագործի, իսկ ով անբարոյական՝ ինքն է պատասխանատու իր արարքների համար։ Սա քարոզ չէ՛, ոչ էլ բարոյագիտական տրակտատ։ Բայց համաձայն եմ որոշ կոլեգաներիս հետ, որ սա վտանգավոր գործիք է։ Այո՛, բոլոր օգտակար և կարևոր գործիքներն էլ վտանգավոր են՝ անկախ այն բանից՝ տվյալ գործիքը գիրք է թե դանակ...»,-նշում է հեղինակը։
Հատկանշական է, որ մի շարք մասնագետներ էլ համամիտ են հեղինակի հետ ու պնդում են, որ գիրքը ոչ միայն խիստ կարևոր և օգտակար է, այլև բեսթսելեր դառնալու մեծ հնարավորություն ունի։
Ահա այսպիսի հակասական, արագ ընթերցվող ու շատ արագ արդյունք տվող գիրք է հրատարակվել Ամանորի նախաշեմին։