Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 1-ի գիշերը Վանաձոր քաղաքում գործող «ՍԵՖ Ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության գրասենյակից խոշոր չափի գողություն է կատարվել: Գողության մեղադրանքով կալանավորվել է մասնաճյուղի կառավարիչ՝ 35-ամյա Հայկազ Մարտիրոսյանը:

Այսօր արդեն «ՍԵՖ Ինթերնեյշնլ» ՈւՎԿ ՍՊԸ-ն տարածեց հայտարարություն այն մասին, որ «Վանաձոր» մասնաճյուղի հաճախորդների պատշաճ սպասարկման և գույքային շահերի պաշտպանության համար ընկերությունը մշակել է անհրաժեշտ միջոցառումների փաթեթ և սկսել փոխհատուցման գործընթաց:

ԼՈւՐԵՐ.com-ին ահազանգած քաղաքացիները, սակայն, հայտնում են, որ թեև ընկերությունը սկսել է գողացված ոսկյա զարդերի փոխհատուցման գործընթացը, սակայն  կազմակերպության հաճախորդներին առաջարկում են ստորագրել այնպիսի համաձայնագիր, որով փոխհատուցումը վարկային կազմակերպությունը կկատարի ոչ թե այդ զարդերի իրական արժեքի, այլ գրավի պայմանագրում նշված գնահատման թվով:

«ՍԵՖ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի հիմնադիր, «Վորլդ Վիժն» միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժիրայր Էդիլյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ թեև «Վորլդ Վիժն»-ն է հանդիսանում «ՍԵՖ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի հիմնադիրը, սակայն որևէ կապ չունի վարկային կազմակերպության հետ, հետեւաբար, չի կարող գնահատել ՍԵՖ ՈՒՎԿ-ոմ կատարվածը. «Ես չեմ տիրապետում նման տեղեկատվության, չգիտեմ, թե ինչպիսի համաձայնագրեր են առաջարկվում քաղաքացիներին, սակայն պետք է նշեմ, որ կա գործող օրենսդրություն, որի համաձայն էլ կազմվում են վարկառուների տրամադրվող համաձայնագրերը, միևնույն ժամանակ՝ նշեմ՝ «Վորլդ Վիժն»-ը նույնպես ունի կատավարման համակարգ և լավ օրենսդրություն: Այս ամենով հանդերձ, սակայն, պետք է հավելեմ, որ «Վորլդ Վիժն»-ը կապ չունի այդ վարկային կազմակերպությունում կատարվածի հետ»: