Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը վստահ է, որ բրեքսիթը տեղի է ունենալու: Ինչպես հաղորդում է BBC-ն, Յունկերը շեշտել է նաև, որ Եվրամիությունը պետք է կարողանա լուծել բրեքսիթի հետևանքով գոյանալիք բյուջետային խնդիրները:

«Չհավատաք նրանց, ովքեր ասում են, որ դա տեղի չի ունենալու, քանի որ Մեծ Բրիտանիայի բնակչությունը գիտակցել է իր սխալը: Չեմ կարծում, թե դա այդպես է»,- ասել է Յունկերը Բրյուսելում կայացած կոնֆերանսի ժամանակ:

Բյուջետային հարցերով ԵՄ հանձնակատար Գյունթեր Օթինգերը հայտարարել է, որ բրեքսիթի հետևանքով ԵՄ բյուջեում գոյանալու է շուրջ 12-13 միլիարդ եվրոյի պակասուրդ, որը կիսով չափ պետք է լրացվի ծախսերի կրճատմամբ և կիսով չափ նոր գումարների ներգրավմամբ: