«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ֆինանսական խնդիրներ ունի: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ըմբիշներն ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստանում: Հայտնի է նաեւ, որ աշխարհի 2017 թ. մինչեւ 23 տարեկանների առաջնությանը մարզիկները գնացել են սեփական միջոցներով՝ վճարելով, մոտավորապես, հազարական ամերիկյան դոլար: Ֆեդերացիայի գումարը չի բավականացնում նաեւ, որ կարողանան նախատեսված ծրագրով՝ հավաքներ անցկացնել, օրինակ 2017-ի դեկտեմբերին Ծաղկաձորում հավաք չանցկացրին, ինչպես սովորաբար անում են: Գյումրիում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան նոր մարզադպրոց կառուցելու խոստումները երկար ժամանակ է՝ միայն գեղեցիկ ճառերում են (նրա անվան գործող մարզադպրոցը վերանորոգել հնարավոր չէ):
Մարզաձեւի հետ կապ ունեցող մարդիկ նախընտրում են խնդիրների մասին խոսել անձնական զրույցներում, սակայն ոչ հրապարակային: Հրապարակային խոսքում նրանք հերքում են: Օրինակ, 2017-ի ամռանը «Հայկական ժամանակ»-ն իր աղբյուրներից տեղեկացել էր, որ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանի՝ հավաքականից հեռանալու իրական պատճառը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից խոստացված նյութական միջոցները չստանալն էր, տեղեկությունը «ՀԺ»-ի հետ զրույցում հաստատել էր ինքը՝ Մկրտչյանը, սակայն, երբ այդ մասին հրապարակում եղավ, մասնագետը տեսանյութ տարածեց՝ հերքելով ինքն իրեն:
Ըմբշամարտի ֆեդերացիայում ֆինանսական խնդիրներից սկսել են խոսել այն պահից, երբ 2017-ի մայիսին ռուսաստանցի միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների սեփականատեր, միլիարդատեր Սամվել Կարապետյանը հրաժարվեց նախագահի պաշտոնից: Նշվում էր, որ պատճառը նրա լարված հարաբերություններն էին Ծառուկյանի հետ. Կարապետյանը դեմ է եղել, որ Ծառուկյանը քաղաքականություն վերադառնա, իսկ վերջինս 2016-ի ապրիլին ընտրվեց ԱԺ պատգամավոր: Ծառուկյանը իր վրա վերցրեց մարզաձեւը ֆինանսավորելու պատասխանատվությունը: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն էլ վստահեցրել էր, որ մարզաձեւը ֆինանսի խնդիր չի ունենա:
Անկախ այս խոստումներից՝ Հայաստանի հենակետային մարզաձեւերից մեկը, որը երկրին պարբերաբար օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների չեմպիոններ ու մրցանակակիրներ է տալիս, ֆինանսական ճգնաժամի մեջ է: Ի՞նչ կլինի, եթե այսպես շարունակվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում