Միջքաղաքային և երևանյան  ուղևորափոխադրում իրականացնող որևէ ընկերություն չի դիմել պետական պատասխանատու գերատեսչություններին ուղևորավարձի բարձրացման հայտով:  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը նշեց, որ միջքաղաքային տրանսպորտի սակագների բարձրացման հայտ չեն ստացել: Ինչ վերաբերում է Հրազդան-Երևան երթուղուն, ապա այն կրկին սպասարկվում է 400 դրամով:  «Բանակցությունների արդյունքում ծառայությունը մատուցվում է 400 դրամով, թեև մրցույթով շահած սակագինը 500 դրամ է»,-ասաց Անահիտ Առաքելյանը:

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանն էլ մեր այն հարցին, թե Երևանի քաղաքապետարանը մինչ այս պահն արդյոք ստացե՞լ է հայտ որևէ կազմակերպությունից Երևանում քաղաքում ուղևորափոխադրումների սակագնի բարձրացման վերաբերյալ, պատասխանեց` ոչ:

 

Այսօր Երևանում մի քանի երթուղիներ սպասարկող ընկերությունների վարորդներ գործադուլ են իրականացրել` պահանջելով գազի գնի իջեցում կամ ուղևորավարձի թանկացում: Նրանք նշում են, որ սեղմված գազի թանկացման հետևանքով ավելացել են իրենց ամսական ծախսերը:

Հարկային դրույքաչափերի փոփոխությամբ, որոնք ուժի մեջ են մտել 2018 թվականի հունվարի 1-ից, լիտր բենզինը թանկացել է 20, դիզելային վառելիքը 60, իսկ բնական սեղմվածգազի 1խմ-ը 20 դրամով