ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկայացրեց Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Հանրապետության նախագահի թեկնածուի անունը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ ՀՀ 4-րդ նախագահը Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն է: 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բադալյանն, անդրադառնալով ՀՀԿ կողմից առաջադրված նախագահի թեկնածուի ընտրությանը, նկատեց՝ ինչպես միշտ՝ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը գործից տարբերվեց:

 

«Նախագահի նշած ցուցանիշներից երկուսին նախագահի 4-րդ թեկնածուն չի համապատասխանում: Թեև նախագահը նշել էր, որ ապագա նախագահը պետք է զբաղված չլինի քաղաքականությամբ, սակայն առաջարկված թեկնածուն եղել է ՀՀ վարչապետ և իրականացրել է այն ժամանակ իշխող քաղաքական ուժի քաղաքականությունը: Այն ցուցանիշը, որ առաջադրվող անձնավորությունը պետք է մեծ հեղինակություն ունենա սփյուռքում, նույնպես կասկածի տեղիք տվեց, որովհետև միգուցե դեսպանը հեղինակություն ունի Մեծ Բրիտանիայում, բայց արդյո՞ք դա նույն հեղինակությունն է Իրանի իսլամական հանրապետությունում, ՌԴ-ի, ԱՄՆ-ի հայ համայնքների համար: Չեմ կարծում, որովհետև սփյուռքում մեկ անձ չի կարող այդպիսի հեղինակություն ունենալ: Միգուցե Շառլ Ազնավուրն ունի հեղինակություն աբողջ սփյուռքում, բայց այլ մարդու անուն չկա, որը նման հեղինակություն կարող է ունենալ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ միևնույն է՝ նախագահի կողմնակիցները կասեն, որ առաջադրված թեկնածուն համապատասխան է բոլոր սկզբունքներին, իսկ Սերժ Սարգսյանը փորձում է ապաքաղաքականացնել բոլոր քաղաքական պաշտոնները:

Քաղաքագետի խոսքով՝ որքան էլ ապագա նախագահը քաղաքականությամբ չզբաղվի, խորհրդանշական նշանակություն ունենա, այնուամենայնիվ, քաղաքական հայացքներ պետք է ունենա: Սակայն նկատեց նաև, որ մինչ այս պահը Արմեն Սարգսյանի քաղաքական հայացքների՝ Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Արևմուտք հարաբերությունների, Հայաստանի ներքին կյանքի վերաբերյալ մենք որևիցե գնահատական չենք լսել:

Ուշագրավ էր այն, որ Նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ նախագահի առաջարկին հետևեց Արմեն Սարգսյանի պատասխանը. «Շնորհակալ եմ, պարո՛ն Նախագահ: Եթե թույլ տաք, ինձ որոշ ժամանակ է պետք վերջնական որոշում ընդունելու համար»: Նախագահի 4-րդ թեկնածուի այս պատասխանը քաղաքագետը գնահատեց որպես էթիկայի դրսևորում:

 

«Երբ մարդուն պաշտոն են առաջարկում, միանգամից չի կարող ընդունել: Հայաստանում իհարկե միանգամից համաձայնում են, սակայն Արևմուտքում ընդունված է ժամանակ խնդրել՝ մինչև ընտրությունը հանդիպումներ ունենալու համար: Դա նորմալ երևույթ է, և ինտրիգներ փնտրել պետք չէ: Բայց ինչո՞ւ չզբաղեցնել նախագահի պաշտոնը, եթե այն խորհրդանշական բնույթ է ունենալու, որևիցե բան չի որոշելու, ընդամենը աշխատավարձ է  ստանալու: Ամենակարևորը վարչապետի նշանակման հարցն է: Նկատում ենք, որ գործող նախագահը  նպատակաուղղված գործունեություն  է իրականացնում վարչապետի պաշտոնը զբաղեցնելու համար, և մենք դա չենք տեսնում այլ ուժերի կողմից: Կարծում եմ՝ այս հարցը կհստակեցվի Հանրապետության նախագահի՝ Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ»,- ասաց քաղաքագետ Արմեն Բադալյանը: 

Սոնա Հարությունյան