Ձմռանը շատ ավելի կարևոր է ցանկացած տիպի մաշկի խնամքը, քանի որ դրսում ցուրտ է, եղանակը տատանվում է, իսկ տան օդափոխիչները վատ ազդեցություն են ունենում մաշկի վրա։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ասաց կոսմետոլոգ Թեհմինա Բադալյանը։
Նա նշեց մի քանի դրույթներ, թե ինչպես պետք է խնամել մաշկը ձմռան ամիսներին։ Նա հատկապես կարևորեց ամենօրյա սովորական խնամքը․ «Մաշկը հարկավոր է լվանալ ամեն օր։ Անկախ ցուրտ եղանակից պետք է յուրքանչյուր երեկո մաշկը մաքրել օճառ չպարունակող հեղուկներով։ Այնուհետև հարկավոր է մաշկը մերսելով տարածել համապատասխան քսուկը՝ չոր մաշկի համար անհրաժեշտ է օգտագործել սնուցող, իսկ ճարպոտ մաշկի համար խոնավեցնող, այնուհետև առավոտյան՝ սնուցող քսուկներ»,- ասաց կոսմետոլոգը՝ ավելացնելով, որ առավոտյան պարտադիր է լվացվել տանից դուրս գալուց մոտ մեկ ժամ առաջ և կատարել նույն խնամքը։
Կոսմետոլոգն ընդգծեց՝ մաշկի համար կարևոր են նաև տան պայմաններում պատրաստվող դիմակները։ Ստորև ներկայացնում ենք կոսմետոլոգի առաջարկած մի քանի դիմակները՝ տարբեր տեսակի առանձնահատկություններ ունեցող մաշկի համար։
Դիմակներ՝ չոր մաշկի համար
1 ճաշի գդալ խնձորի հյութին ավելացնել յուղային կաթնաշոռ, 1 թեյի գդալ կանֆորայի յուղ, կես ձվի դեղնուց, ամբողջը լավ խառնել։ Տարածել մաքուր մաշկին։ 20-30 րոպե անց լվանալ գոլ ջրով, չորացնել անձեռոցիկով։
1 ճաշի գդալ մեղրին խառնել 1 ձվի դեղնուց և նախապես թրջած թեփուկներ։ Տարածել մաքուր մաշկին։ Լվանալ 20-30 րոպե անց, չորացնել անձեռոցիկով։
Դիմակ՝ներ ճարպոտ մաշկի համար
1 ճաշի գդալ մեղրը, կես թեյի գդալ թթվասերը, կես թեյի գդալ ձիթապտղի յուղը խառնել, քսել մաքուր մաշկին, թողնել 30 րոպե։ Այնուհետև լվանալ և չորացնել անձեռոցիկով։
2 ճաշի գդալ ժելատինի վրա լցնել 1/3 բաժակ եռման ջուր, թողնել, որ սառի և ուռչի, այնուհետև ավելացնել 1 ճաշի գդալ թթվասեր, կես թեյի գդալ վիտամին E։ Հաստ շերտով տարածել մաշկին, 30 րոպե անց լվանալ և չորացնել մաշկը։
Այս դիմակին, չոր մաշկի դեպքում կարող եք ավելացնել նաև A և C վիտամիններ, քանի որ դրանք ամրացնում են մաշկի պաշտպանիչ հատկությունները։
Սոնա Հարությունյան