2018 թվականի հունվարի 21-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները՝ կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, նախատեսել էին այցելություն Վրաստանի Հանրապետության հայաբնակ Ախալքալաքի շրջան՝ համահայկական ընդվզման քարոզչության շրջանակներում: Սակայն դա նրանց չի հաջողվել, քանի որ, երբ Փոստանջյանը «Երկիր Ծիրանի» կուսակցության այլ անդամների հետ փորձել է անցնել վրացական «Նինոծմինդա» անցակետը, սահմանապահները թույլ չեն տվել՝ կանխելով նրանց մուտքը Վրաստանի Հանրապետություն:
ԼՈւՐԵՐ․com-ին Զարուհի Փոստանջյանն ասաց, որ այս միջադեպից հետո անպայման դիմելու են որոշակի գործողությունների։ Վերջինիս խոսքով՝ իրենք արդեն նամակներ են ուղղել համապատասխան գերատեսչություններին՝ իրենց մուտքի արգելքի պատճառը պարզելու համար։
Զարուհի Փոստանջյանը պարզաբանում պահանջելու ակնկալիքով դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությանը, Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանատանը և Վրաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը:
ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշեց, որ ՀՀ ցանկացած քաղաքացու մուտքի արգելքը որևէ երկիր՝ չի կարող չլինել Արտաքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում․ «Համապատասխան դիմում է նախ պետք հանգամանքները ուսումնասիրելու համար, եթե արդեն դիմումն ուղարկվել է, ապա կսկսվի քննություն՝ ՀՀ քաղաքացու մուտքի արգելքի պատճառները հասկանալու համար»,-ասաց Բալայանը։
Նշենք, որ «Երկիր Ծիրանի» կուսակցությունն ու կուսակցության ղեկավար Փոստանջյանն՝ ընդդեմ Հայաստանի գործող իշխանության բողոքի ակցաներ են իրականացրել ԱՄՆ-ում՝ նպատակ ունենալով նաև շարժման աշխարհագրությունն ընդլայնել։