Հունվարի 22-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Արցախի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Հրանտ Մելքումյանին վերջին հրաժեշտի արարողությունը:

«Արցախպրես»-ի  թղթակցի հետ զրույցում հասարակական-քաղաքական գործչի կյանքի և քաղաքական գործունեության մասին իրենց հուշերն ու կարծիքներն են հայտնել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

 

ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանն ասել է, որ Հ. Մելքումյանի մահը ոչ միայն Արցախի, այլև ամբողջ հայության համար ծանր կորուստ էր:

«Նրա հետ ծանոթ էի ոչ միայն քաղաքական, այլև մասնագիտական դաշտից. երկուսս էլ զբաղվել ենք ճշգրիտ գիտությամբ՝ մեխանիկայի բնագավառում: Լինելով կոմունիստ և կոմունիստական կուսակցության առաջնորդ՝ նա փայլուն կատարում էր իր առջև դրված խնդիրները»,- նշել է Ա. Թովմասյանը և ավելացրել, որ կոմունիստական կուսակցության առաջնորդը ջերմ հարաբերություններ ուներ նաև մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ օրինակ՝ դաշնակցական ընկերներին դիմում էր «սիրելի դաշնակցականներ» անվամբ:

ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահրամ Բալայանն էլ ասել է, որ Հ. Մելքումյանը բեղմնավոր գործունեություն է ծավալել թե՛ խորհրդային և թե՛ հետխորհրդային ժամանակաշրջանում:

«Նա ազնիվ էր կուսակցության նկատմամբ և մինչև վերջ մնաց՝ որպես կոմունիստական կուսակցության հավատավոր անդամ: Եթե շատերը հետխորհրդային ժամանակահատվածում փոխեցին իրենց քաղաքական հայացքները, նա մնաց հավատարիմ իր ընտրած գաղափարախոսությանը մինչև իր կյանքի վերջը, և փորձեց անել ամեն ինչ, որպեսզի կոմունիստական կուսակցությունը շարունակի գործել Արցախի տարածքում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում