ՀՀ արդարադատության նախարարությունը պաշտոնական շրջանառության մեջ է դրել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով կարգավորում է պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքներին առնչվող հարաբերությունները, սահմանում է պետական պաշտոններ զբաղեցրած անձանց, իսկ պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու դեպքում՝ նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքները:
Մասնավորապես, օրինագիծը սահմանում է՝ ՀՀ նախագահի աշխատակազմի թվաքանակը չի կարող գերազանցել 180-ը: Նախագահի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ՝ ոչ ավել, քան տարեկան 75 միլիոն դրամի չափով: Այդ միջոցները տնօրինում է Հանրապետության նախագահը:
Բացի այդ, ՀՀ նախագահին սպասարկման նպատակով տրամադրվում են`
1) նստավայր Երեւանում (հասցեն՝ Մաշտոցի 47).
2) ծառայողական առանձնատուն Երեւանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 4-րդ մասնաշենք).
3) պետական ամառանոց Սեւանում՝ ապահովված համապատասխան գույքով եւ սպասարկմամբ (հասցեն՝ քաղաք Սեւան, Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սեւանի թերակղզու պետական ամառանոցի 1-ին մասնաշենք).
4) հատուկ նշանակության ավտոտրանսպորտ:
Հանրապետության նախագահի առողջական վիճակին հետեւելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:
Օրենքի 7.3 հոդվածով նախատեսվում է, որ պաշտոնաթող լինելուց հետո ՀՀ նախագահին տրամադրվում է ավտոտրանսպորտ եւ՝ իր ցանկությամբ՝ կահավորված գրասենյակ, որի ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացված միջոցներից:
Պաշտոնաթող Հանրապետության նախագահի` մեկ տարվա ընթացքում այլ պետություններ կատարվող ոչ ավել, քան տաս օր ընդհանուր տեւողությամբ այցի ծախսերը հատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:
Պաշտոնաթող Հանրապետության նախագահի համար, բացառությամբ պաշտոնանկության դեպքի, նշանակվում է հատուկ կենսաթոշակ` Հանրապետության նախագահի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով: