Նախագահ Սերժ Սարգսյանն արտաքին գործերի նախարարությունում հանդիպում է ունեցել ԱԳՆ ղեկավար կազմի հետ: «Մեր դիվանագիտության արդյունավետության բարձրացումն ուղղակի օրվա հրամայական է»,-ասել է նախագահը, ընդգծելով, որ որքան էլ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը մեր արտաքին օրակարգի առաջնագծում է, Հայաստանի արտաքին քաղաքականությունը, իհարկե, չպետք է սահմանափակվի ու պտտվի միայն այս հարցի շուրջ։ Նա ԱԳՆ ղեկավար կազմին վստահեցրել է, որ իրենց գործն «իրոք գնահատված է»։
 
Փաստացի, Սերժ Սարգսյանն Արտաքին գործերի նախարարին մեղադրում կամ նվազագույնը դիտողություն է անում արդյունավետության ցածր գործակցի, առկա մարտահրավերներին համարժեք չարձագանքելու, դրանք ճիշտ չգնահատելու, նոր հնարավորությունները չօգտագործելու, թույլ կանխատեսումների համար: Դրան զուգահեռ էլ, Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանի համար հասունացել է ազգային անվտանգության ռազմավարությունն արդիականացնելու ժամանակը: Հանրության համար նորություն չէ, որ ամենապատասխանատու պահերին ԱԳՆ-ն, որպես ինստիտուտ, պարզապես դադարում է գոյություն ունենալ: Ուշագրավն այն է, որ այս փաստը բացահայտ կերպով ընդգծում է երկրի նախագահը՝ դիվանագիտական կորպուսին հուշելով, որ այստեղ նույնպես խաղի կանոններ են փոխվելու, հետևաբար, ապրիլից հետո Նալբանդյանը, եթե նա իհարկե շարունակի պաշտոնավարումը, ստիպված է լինելու «թափ տալ» իր գերատեսչությունը: Մամուլում արդեն իսկ խոսվում է այն մասին, որ լուրջ փոփոխություններ են սպասվում հատկապես դեսպանների մակարդակում, որի արդյունքում այդ պաշտոններում նշանակվելու են մարդիկ, ովքեր կապ չունեն դիվանագիտական ծառայության հետ:
 
Մյուս՝ կողմից ուշագրավ է, որ Սարգսյանը խոսում է ազգային անվտանգության ռազմավարության փոփոխման մասին և դա անում է ԱԳՆ-ում: Քանի որ անվտանգության ոլորտի կուրացիան արդեն իսկ սեփականաշնորհվել է Սարգսյանի կողմից, դժվար չէ ենթադրել, որ ապրիլից հետո վարչապետ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը հիմվելու է արդեն իսկ արդիականացված ազգային անվտանգության ռազմավարության հիմնադրույթների վրա: Միևնույն ժամանակ, Արցախյան հարցը դադարելու է դոմիմանտ դիտարկվել արտաքին քաղաքական օրակարգում, չնայած այն հանգամանքին, որ անվտանգության հիմնական սպառնալիքները գալիս են հենց այս հակամարտության առկայությունից: Իհարկե, դժվար է պատկերացնել, թե Սարգսյանն անկեղծորեն հավատում է կոնֆլիկտի շուտափույթ հանգուցալուծմանը, հատկապես, որ նման սցենարի նախադրյալներն այս պահին զրոյական են: Հետևաբար, մնում է ենթադրել, որ Սարգսյանը որոշակի երաշխիքներ ունի այս հարցում, այդ թվում՝ պայմանավորված նաև իր վարչապետությամբ, ինչն էլ թույլ է տալիս նրան ապրիլից հետո մտածել արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման մասին:
 
 
Ստելլա Խաչատրյան