Կառավարության նիստի ավարտին վարչապետ Կարեն Կարապետյանը ևս մեկ անգամ անդրադարձավ գերատեսչությունների և մարզպետների հաշվետվությունների ներկայացմանը: «Յուրաքանչյուր գերատեսչություն, մարզպետ պետք է հաշվետվությունը ներկայացնի հստակ թվային տարբերակով, անպայման մեր քաղաքացու համար հասկանալի լեզվով պետք է ցույց տա, թե ինչ է փոխվել, օտար լեզուներից որո՞նք են պարտադիր ավելացվել դպրոցներում, շինարարության որքան թույլտվություն է տրվել, ինչքան քառակուսի մետր լրացուցիչ շինարարություն ենք ունեցել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարապետյանը:
Նրա խոսքով՝ առավելագույնս պետք է մտածել, թե ինչն է հուզում քաղաքացուն, որ հարցերի պատասխանն է վերջինս ցանկանում ստանալ, «որպեսզի հենց այդ տարբերակով այն հաշվետվությունը ներկայացվի»: «Խնդրում եմ դրան լուրջ և պատասխանատու վերաբերվեք»,- դիմելով նախարարներին՝ ասաց Կարեն Կարապետյանը: