Հաշմանդամություն ունեցող մի քանի տասնյակ մարդ այսօր առավոտյան կառավարության շենքի առաջ բողոքի ցույց անցկացրեց: Մի մասը ժամանել էր մարզերից, այդ թվում՝ սահմանամերձ Իջևանի, Բերդի, Նոյեմբերյանի տարածաշրջաններից: 

Նրանք բողոքում էին իրենց սպասարկող պրոթեզարանի փոփոխության վերաբերյալ՝ պահանջելով իրենց պրոթեզավորման իրավունքը չփոխանցել մեկ այլ կազմակերպության, քանի որ, իրենց խոսքով, առաջին դեպքում պրոթեզները պատրաստվում են գերմանական տեխնոլոգիաներով:

 

Նախկինում նրանց սպասարկել է «Ինտերօրթո» պրոթեզավորման գերմանական կենտրոնը, իսկ հիմա տվյալ գործառույթը իրականացնում է «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ն:

«Վանաձորում գնացել եմ Մարզպետ Մինասյանի մոտ: Ասացի՝ վիրահատվել եմ, հունիսի 13-ին ոտքս հեռացրել են, եկել եմ՝ կարգս փոխեմ, ասում է՝ ծնկիցդ ներքև ա, գնա ծնկիցդ վերև կտրի, արի կարգդ փոխեմ: Կամ՝ ասում ա կաստիլներով ես, քեզ կարգ չի հասնում, դրանից էլ գոհ եղի: 16 000 թոշակ են տալիս, վարկեր են ավելացնում: Ասում էին Կարեն Կարապետյանը լավ մարդ ա, Ռուսաստանից ա եկել, բան կփոխի, է՞ս ա փոխելը: Կարեն ջան, լավ ա, որ եկել ես, բա իջի ներքև, ժողովուրդը քեզ ասելու բան ունի: Ինչքա՞ն կարելի ա»,- բողոքում է հաշմանդամներից մեկը:

Բողոքի ակցիայի մասնակիցներին ի վերջո մոտեցան կառավարության ներկայացուցիչները: Նրանց փորձելով հանգստացնել հավաքվածներին, ասում էին, որ ծառայությունները գրեթե հավասարաչափ բաշխվել են երկու կազմակերպությունների միջև, թեև մրցույթի վերջնական արդյունքները դեռևս հայտնի չեն: Մրցույթին մասնակցած կազմակերպությունները դեռ պետք է միջազգային չափանիշներին համապատասխանության փաստաթուղթ ներկայացնեն, նաեւ հիմնավորեն, որ ունեն բարձրակարգ պրոթեզիստներ: Իսկ արդյունքները պարզ կլինեն 2 շաբաթվա ընթացքում:

Տեսանյութը՝ armlur.am