Այսօր Facebook-ը դասվում է աշխարհում ամենամեծ հաճախելիություն ունեցող վեբ-կայքերի եռյակում՝ ամենի տարի գրանցելով միլիարդավոր այցելություններ. «Ամեն օր այս սոցիալական կայքը 80-90 միլիոն մարդ է օգտագործում: Նույնքան այցելու էլ ամեն օր կիրառում է կայքի հեռախոսային տարբերակը: 14 տարիների ընթացքում ցանցը դարձել է աշխարհի թիվ 1-ը՝ օգտատերերի թվով: Ամերիկայում նախորդ տարի մոտ 20 տոկոսով նվազել են ակտիվ օգտատերերը, իսկ Հայաստանում Facebook-ը, ընդհակառակը, ամրապնդվում է, եթե վերցնենք 2017 թվականը, մասնավորապես՝ մինչև 2017-ի ավարտը, շարունակվում էր այն, ինչ միշտ եղել է, Հայաստանն այն եզակի երկրներից էր, որտեղ Facebook-ը թիվ մեկ սոցիալական ցանցը չէր, այլ Odnoklassniki-ն էր, բայց վերջին մի քանի ամիսների տենդենցը ցույց է տալիս, որ Odnoklassniki-ն զիջում է իր դիրքերը, հատկապես հունվարից շատ կտրուկ անկում է դիտվում»,- ասաց տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Ֆեյսբուքյան ակտիվ օգտատերերի քանակը Հայաստանում կտրուկ ավելանալու միտում ունի: Պատճառը, ըստ փորձագետի՝ Odnoklassniki-ից լուրջ արտահոսքն է. «Ենթադրում եմ, որ հենց Odnoklassniki-ից ներհոսք կլինի, 100-200 հազար թարմ ականջներ կգան կլցվեն Facebook: Չնայած Facebook-ն այսօր օգտատերերի թվով Հայաստանում բացարձակ առաջատար է, այնուամենայնիվ ամենաարագ զարգացողը չէ: Փոխարենը՝ Հայաստանում ամենարագ զարգացող սոցիալական ցանցը Instagram-ն է, վերջին տարում 2.5 անգամ ավելացել են օգտատերերը, հիմա instagram-ի օգտատերերը մոտավորապես Facebook-ի կեսն են կազմում»:

Անդրադառնալով նաև սոցիալական ցանցի նոր ալգորիթմներին՝ բանախոսը նկատեց՝ վերջին ամիսներին Ֆեյսբուքը սկսել է փորձարկել դրանք, և կարելի է տեսնել, որ մի շարք լրատվականների այցելությունները մոտ 15-20 տոկոսով նվազել են Հայաստանում. «Կարծում եմ՝ մինչև այս տարվա ավարտը Ֆեյսբուքն ամբողջությամբ կգործարկի նոր ալգորիթմը, որը նպատակ ունի նվազեցնել լրատվական հրապարակումների ցուցադրությունները նյուզֆիդում, փոխարենը՝ նախապատվությունը տալով անձնական հրապարակումներին»։

armversion.am