ՀՀ զինվորական դատախազության նախկին աշխատակցին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության համար:

Ինչպես տեղեկացանք դատական տեղեկատվական համակարգից, գործը վարույթ է ընդունել Երևան քաղաքի դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը:

«Արմեն Համբարձումյանը, ունենալով զորակոչի կազմակերպման բնագավառի մասնագիտական գիտելիքներ, 2015-ի մարտին իրեն դիմած ծանոթից' Սերգեյ Հակոբյանից տեղեկացել է վերջինիս ցանկության մասին' զորակոչային տարիքի հասած որդուն' Հովհաննես Հակոբյանին, առողջական խնդիրների առկայության հիմքով, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցը կարգավորելու վերաբերյալ: Համբարձումյանը պահանջել և ուսումնասիրել է զորակոչիկի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը և առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ Սերգեյ Հակոբյանին դրդել է… 2 միլիոն 826 հազար 780 ՀՀ դրամին համարժեք 6 հազար ԱՄՆ դոլար կաշառք տալ իր ծանոթ պաշտոնատար անձանց' վերջիններիս լիազորությունների շրջանակներում իր որդու օգտին գործողություններ կատարելու համար»,- նշված է մեղադրական համառոտ բովանդակության մեջ:

ՀՀ զինվորական դատախազության նախկին աշխատակցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով),178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (խարդախություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (խոշոր չափերի խարդախություն և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն դրդչության փորձ) հատկանիշներով:

Զորակոչային տարիքի հասած որդու հորը' Սերգեյ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (կաշառք տալը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):