Մի քանի օր է՝ համացանցում բացվել է «Ազատություն Արսեն Արծրունուն, հիմա» էջը, որտեղ օգտատերերը պայքարում են «Դրոյի գործով» ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու ազատության համար։ 

Հրապարակվեց նաև Արսեն Արծրունու հարազատների բաց նամակը Արդարադատության նախարար Դ. Հարությունյանին, որով պահանջում են ՀՀ օրենքի տառի համաձայն ազատ արձակել նրան, քանի որ վերջինս լիարժեք բուժման կարիք ունի։

Ըստ հարազատների՝ նա 2013թ․ սկսել է տառապել տիֆուզ բազմահանգուցավոր խպիպ II աստիճան հիվանդությամբ, որը կարող է կարճ ժամկետում վերածվել չարորակ ուռուցքի․ «Նկատվել է վահանաձև գեղձի չափերի մեծացում։ Վահանաձև գեղձի շրջանում առկա են նաև բազմաթիվ ուռուցքներ, հանգույցներ, որոնց ծագումը հայտնի չէ: Առողջական  խնդիրների հետևանքներն ամեն ժամ կարող են անդառնալի լինել: Մենք այս պահին դեռ չգիտենք՝ այդ հանգույցները քաղցկեղածի՞ն են, թե՞ ոչ»,- նշում են հարազատները։

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ Արսեն Արծրունին բժիշկների հսկողության տակ է․

«Դեկտեմբերին «Նաիրի» բժշկական կենտրոնում բուժզննության է ենթարկվել, մասնագետների կողմից տրվել են խորհուրդներ, նշանակվել է համապատասխան դեղորայքային բուժում, այժմ բժիշկների հսկողության տակ է»:

Ինչ վերաբերում է Արծրունու հիվանդությանն ու պահվող պայմանների համատեղելիությանը, ՔԿՎ-ից ասացին՝ կարծում են՝ համատեղելի է.

«Ազատություն Արսեն Արծրունուն» կոչով հանդես եկողները վստահեցնում են՝ ավելի քան 23 տարի տևած բանտարկության ընթացքում Արծրունին դրսևորել է պատշաճ վարքագիծ և վաղաժամկետ պայմանական ազատման իրավունքի համաձայն, կարող էր ազատ արձակվել դեռևս 2013թ: Սակայն դատարանը, անտեսելով այս փաստը, առանց հիմնավորումների մերժել է նրան ազատ արձակել: Գործը բողոքարկվել է, այն հիմա Վերաքննիչ դատարանում է: Այժմ նրա ազատությունն առավել հրատապ է, քանի որ բանտում պայքարում է նաև իր կյանքի համար: 

Նշենք, որ գործով բացահայտվել է ահաբեկչական խումբ և հետագայում պարզվել, որ վերջինիս անդամները դաշնակցականներ են։ Գործով Արսեն Արծրունուց բացի ցմահ ազատազրկված է նաև Արմենակ Մնջոյանը։

Հիշեցնենք, որ «Դրոյի գործը» բացահայտվել է 1994թ. դեկտեմբերին, երբ բացահայտվել է Բեյրութ-Երևան-Մոսկվա երթուղով 5 կգ հերոինի փախադրումը, ինչից հետո բացահայտվել են նաև Ներսիսյան ամուսինների («Քերոբ» գործողություն) ու «Դրոյի» պատժիչ խմբի ղեկավար Գագիկ Սահակյանի («Թոփ-1» գործողություն) սպանությունները:

Հավելենք՝ ՀՀ գերագույն դատարանը 1996թ. նրան մեղավոր է ճանաչել երկու տարբեր սպանությունների դրդելու մեջ և դատապարտել է մահապատժի: 2003թ. ՀՀ նախագահի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: 2006թ. ՀՀ դատախազության միջնորդության հիման վրա դատարանը վերանայել է գործը՝ համապատասխանեցնելով Քրեական օրենսգրքի փոփոխություններին: Արսեն Արծրունին արդեն 23 տարի է, ինչ անազատության մեջ է: 

Հիշեցնենք, որ 1994-ի դեկտեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանն անձամբ հանդես եկավ հեռուստատեսությամբ, խոսելով «Դրոյի» ահաբեկչական կառույցի բացահայտման մասին, որից անմիջապես հետո կասեցվեց ՀՅԴ-ի գործունեությունը։

Ըստ ՀՅԴ-ականների՝ դատական գործերը առիթ էին քաղաքական հաշվեհարդար տեսնելու ՀՅԴ-ի հետ, որն այն ժամանակ հիմնական քաղաքական ուժն էր, և նրա շուրջ համախմբվել էին գործող բոլոր ուժերը:

1995թ. սպասվում էին խորհրդարանական ընտրություններ և 1995-ից առաջ այս կամ այն քաղաքական մեղադրանքներով փակել ՀՅԴ-ն, կասեցնել նրա գործունեությունը՝ պարզ քաղաքական հաշվեհարդար էր:  

Սոնա Հարությունյան