Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է փետրվարի 8-ին «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության համագումարի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությանը, թե «Հայաստանի նկատմամբ ճնշումները շարունակվելու են, որպեսզի վերադարձնեն իրենց պատմական հողերը՝ Երևանը և, ընդհանրապես, Հայաստանը»:
Հարցին՝ ինչպիսին է Ֆրանսիայի դիրքորոշումը նման հայտարարությունների վերաբերյալ, որոնք ոչ միայն հակասում են ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին, այլ նաև սպառնում են Հայաստանի գոյությանը՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ն պատասխանել է. «Ֆրանսիան շարունակում է լիարժեք մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային լուծման որոնմամբ: Մենք կոչ ենք անում հակամարտության կողմերին բարեխիղճ աշխատել այս ուղղությամբ, մասնավորապես, զերծ մնալով յուրաքանչյուր հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են սրել լարվածությունը»:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ալիևի հայտարարության կապակցությամբ նշել էր. «Ռուսաստանում տեսել են Ադրբեջանի նախագահի ելույթը՝ իշխող կուսակցության համագումարում: Հիանալի գիտենք, որ Ադրբեջանի հարաբերությունները հարևան Հայաստանի հետ խիստ լարված են և նման հայտարարություններն ակնհայտորեն չեն նպաստում լարվածության թուլացմանը»:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն էլ անդրադառնալով Ալիևի հայտարարությանը՝ ենթադրել էր, որ նա այդպիսով սկսել է իր «նախընտրական» քարոզարշավը: «Ադրբեջանի գերագույն «ճնշողը» սկսել է նախընտրական քարոզարշավը»: Եվ գնաց… Ի դեպ, հենց նա էր ասել, որ Ադրբեջանում պաշպանված են բոլոր հիմնարար ազատությունները»,- նշել էր Բալայանը: