Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ամփոփում է 2017 թվականին կատարված աշխատանքներն ու ներկայացնում 2018-ի անելիքները:

Անդրադառնալով Գառնու տաճարի «Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների խնդրին, որը բուռն քննարկումների առիթ է տվել համացանցում, Լոքյանը նշեց. «Եթե դա չի խանգարում, չի աղճատում բնության ընդհանուր պատկերը, ապա կարելի է և թույլ տալ, պետք չէ ծայրահեղականացնել խնդիրը, իսկ եթե խանգարում է, չպետք է թույլատրենք, վե՛րջ: Բայց դա պետք է ասեն մասնագետները, քաղաքաշինարարները, բնության պահապանները:

Եթե այդ ժամանակավոր կառույցը ապօրինի է կառուցված, մենք Գառնու համայնքապետին, Կոտայքի մարզպետին ցուցում ենք իջեցնելու, որ այն ուսումնասիրվի: Ես խոսել եմ հեռախոսով, տեղյակ եմ մանրամասնություններին, համայնքապետը շինարարության թույլտվություն չի տվել: Այստեղ մեղքի բաժին ունի համայնքապետը, ով չի միջամտել, որ առանց շինարարական թույլատվության որևէ բան կառուցվեր, դա ճշմարտություն է: Տեսչությունները մեղքի բաժին ունեն, որ տեսնելուց հետո ոչինչ չեն արել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ խնդիրը կկանոնակարգվի: 

Նա նշեց՝ այն իր տեղեկություններով փայտից ժամանակավոր կառույց է, որը պետք է սրճարանի դեր կատարի:

Հարցին՝ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը երեկ ասել էր, որ համայնքը չի համաձայնում, որ հուշարձանը միացվի «Խոսրովի արգելոցին», Լոքյանը պատասխանեց.

«Հարցը լուրջ քննարկման կարիք ունի: Մի կողմից դա լավ է, որ խստացվում է վերահսկողությունը, մյուս կողմից՝ պետք է գտնենք ձևաչափ, որ չփոքրացնենք համայնքի՝ եկամուտ ստանալու հնարավորությունները»,- ասաց նա:

 

 

Տեսանյութը՝ news.am