Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարել է, որ անցյալ տարվա ընթացքում յուրաքանչյուր ամիս միջինը 25-30 մարդ է եկել Հայաստան։ Իսկ այս նոր տարում այդ թիվը կազմում է 27: Նախարարը չի ժխտում, որ շատ է նաև Հայաստանից գնացողների թիվը։
Ըստ Հակոբյանի նրանք գնում են Էմիրաթներ, Լիբանան, Եվրոպա և հետո վերադառնում են։ Վերադառնալու պահը՝ փոքր ինչ կասկածելի է, այնումամենայնիվ, կայունացել է մնացողների թիվը։
Սիրիայում ընթացող ռազմական գործողությունների ամենաթեժ շրջանում հարյուրավոր սիրիահայեր ցանկություն հայտնեցին ապաստանել հայրենիքում, այս գործընթացի կանոնակարգմամբ ցանկություն հայտնեց զբաղվել նաև Սփյուռքի նախարարություն, և Հրանուշ Հակոբյանը ջանք ու եռանդ չխնայեց հանրությանը ներկայացնել կատարվածն այնպես մատուցել, որ կարծես իր գործադրած ջանքերի շնորհիվ էին բազմահազար փախստականներ հանգրվանել մեր երկրում:
Քիչ էր մնում, որ նա ասեր, թե ներգաղթը հնարավոր դարձավ իր «Արի տուն» «շռնդալից» ծրագրի շրջանակներում, բայց վերջին պահին ողջամտորեն զսպեց իրեն, քանի որ այդ դեպքում արդեն աշխարհիս հզորների մոտ անչափ լուրջ կասկածներ կառաջանային, որ Սիրիայում պատերազմական գործողությունները հրահրել է հենց Հրանուշ Հակոբյանը:
Իսկ այժմ պարզվում է բազմահազար սիրիահայերի հետքն անգամ Հայաստանում չի մնացել:
Իհարկե, եթե Հակոբյանը հայտարարում է, որ հեռացողները շատ են, պետք է ենթադրել որ այդ թիվը պարզապես աղաղակող է, և իշխանությունների համար, մեղմ ասած, ամոթալի: Կարևորը, որ կայունացել է մնացողների թիվը, դա, ինչ խոսք, հայրենադարձության մասին թմբկահարող իշխանությունների համար պատմական ձեռքբերում կարելի է համարել:
Ոչինչ, որ 10 հազարը հեռացել, եթե չասենք՝ փախել են Հայաստանից, կարևորը, որ մնացած 27-ը կայունացել են: Եվ, իրոք, երկրի ներկայիս սոցիալ –տնտեսական, բարոյահեգաբանական գաղջության մթնոլորտում անգամ 27 հոգու Հայաստանի սահմաններում պահելը մեծ հերոսություն է, քանի որ սոված փորին հայրենիք սիրելը փոքր ինչ բարդ է...
Ստելլա Խաչատրյան