Մարտի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտնում դեղերի կարգավորման մասին օրենքը, որով կարգավորվում է դեղերի շրջանառությունը Հայաստանում: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ 4500 դեղամիջոցից 2500-ը բաց է թողնվելու դեղատոմսերով, իսկ 2000-ը կմնա ազատ վաճառքի մեջ: «Դեղատոմսերով բաց են թողնվելու այն դեղերը, որոնք պարունակում են հոգեմետ միջոցներ, թմրանյութեր: Ընդ որում, բժիշկը կարող է լինել ոչ պոլիկլինիկայի աշխատակից, այլ՝ այն բուժող բժիշկը, որը հոգում է հիվանդի կարիքները», - ասաց Լևոն Ալթունյանը:

 

Նախարարի համոզմամբ, այս օրենքը Հայաստանին կմոտեցնի քաղաքակիրթ երկրների շարքին, որտեղ տասնյակ տարիներով դեղամիջոցները կարգավորում են համապատասխան օրենքներով:

Միաժամանակ, նախարարը վստահեցրեց, որ դեղերը դեղատոմսով բաց թողնելու գործընթացը քննարկվել է մասնագետների հետ, իսկ հասարակության լայն շրջանների հետ քննարկումը կատարվում է համապատասխան կայքում հրապարակումից հետո: «Ես կարծում եմ, որ հիմնական դժգոհությունները պայմանավորված են անտեղյակությամբ», - ասաց նա: