Հայաստան է ժամանել հայազգի գործարար Վաչե Մանուկյանը, ով համարվում է Արմեն Սարգսյանի մտերիմը և չի բացառվում, որ իշխանական վերադասավորումներից հետո դառնա նաև նախագահի թիկունքը՝ արդեն քաղաքական դաշտում: Վաչե Մանուկյանին է պատկանում «HSBC-Հայաստան» բանկի բաժնետոմսերի 30 տոկոսը: Նա նաև համարվում է «ՄԱՐՍ» կազմակերպության հիմնադիրը: Վաչե Մանուկյանը Լոնդոնի կենտրոնում գտնվող «Ադելֆի» հյուրանոցի սեփականատերն է: Բրիտանահայ գործարարին է պատկանում «Կարուսել Իստաբլիշմենթ» ընկերությունը:
 
Այսինքն՝ ապրիլից հետո որոշակի տրանսֆորմացիայի է ենթարկվելու նաև օլիգարխիկ բևեռը: Սերժ Սարգսյանի ծրագրերի իրականացման համար ռուսական կապիտալին՝ ի դեմ Սամվել Կարապետյանի՝ հակակշիռ է ստեղծվում, քանի որ պայքարի մեջ է մտնում արևմտյան կապիտալը՝ հանձինս Վաչե Մանուկյանի:
 
Արմեն Սարգսյանի և Կարեն Կարապետյանի փոխհարաբերությունների խնդիրը, ինչպիսին են լինելու դրանք, ինչպիսի պայմանավորվածություններ, տարաձայնություններ, բաժանարար գծեր ու մրցակցություն է լինելու նրանց միջև: Այստեղ իրավիճակը բազմաշերտ է: Սակայն Սարգսյանն ու Կարապետյանը, ընդհանուր առմամբ, հարակից շրջանակով և բազայով հանդերձ, ըստ էության՝ լինելու են կապիտալի այն երկու կետերը, որոնց վրա կանգնելու է Հայաստանի իշխանությունը: Հայաստանի իշխանությունն ուժի և կապիտալի իշխանությունն է: Հենց ներդրումներ ներգրավելու նրանց պոտենցիալն էլ դառնում է այս պաշտոնյաների գործունեության գնահատման հիմնական չափանիշը: Համենայն դեպս, Կարեն Կարապետյանի վարչապետության մեկնարկը, խորհրդարանական ընտրություններում նրա ձևակերպած իշխանական հայտը, շատ նման էր քաղաքական սակարկության, երբ նա և Ռուսաստանի նրա տնտեսա-քաղաքական հովանավորներն, ըստ էության, առաջարկում էին 3 միլիարդանոց ներդրումային ծրագիր` իշխանության վերահսկիչ փաթեթին տիրանալու նպատակով: Խոստացած ներդրումային բումը փուչիկի նման պայթեց. գործը գլուխ չբերեց անգամ Կարապետյանի վիճակագրական աճպարարությունը, որի միջոցով փորձ արվեց «նկարել» խոստացված ներդրումները` բյուջետային ծախսերի հաշվին:
 
Ներդրումների ակնկալիք կա նաև Արմեն Սարգսյանից, և խոսքը հատկապես արևմտյան կապիտալի ներգրավման մասին է: Կհաջողվի արդյո՞ք Սարգսյան-Մանուկյան տանդեմին ավելի հաջող գտնվել, քան Կարապետյաններին՝ ցույց կտա ժամանակը, սակայն ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանին այս երկու բևեռի բախումը բնավ էլ անհրաժեշտ չէ: Սարգսյանին հարկավոր է անցնցում կառավարում՝ առնվազն գալիք մեկ տարվա ընթացքում: Հետևաբար, Սարգսյանը նրբորեն խաղալու է այս երկու բևեռների հակասությունների, շահերի վրա, առաջարկելով զսպումների և հակակշիռների՝ իր մեխանիզմը: Սա ենթադրում է, որ Սերժ Սարգսյանը պարզապես վեր է կանգնելու համակարգից և ստանձնելու է արբիտրի դերը:
 
Ստելլա Խաչատրյան