«Հայաստանն ու Եվրոպական միությունը երբեք այսքան մոտ չեն եղել, ինչպես այժմ», - այս մասին այսօր նշել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ 24 երկրներից Երևան ժամանած «Եվրոպական պլանավորման խորհրդաժողովի» 220 երիտասարդ մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում։ 
 
Մոգերինին ուրախությամբ արձանագրել է, որ այս անգամ խորհրդաժողովն անցկացվում է Եվրոպայի այս հատվածում՝ Հայաստանում.
 
«Եվրոպական երիտասարդական ֆորումի սիրելի մասնակիցներ: Շատ ուրախ եմ հրավերի համար: Ես իսկապես կցանկանայի այսօր ձեզ հետ լինել: Գիտեմ, որ առաջին անգամ ձեր տարեկան ժողովն անցկացնում ենք Եվրոպայի այս հատվածում: Ֆորումի համար ընտրել եք հիանալի ժանակահատված. Հայաստանն ու Եվրոպական միությունը երբեք այսքան մոտ չեն եղել, ինչպես այժմ: Նախորդ տարվա նոյեմբերին Բրյուսելում Հայաստանի հետ Եվրամիությունը երեք հիմնարար համաձայնագիր է կնքել, հույս ունեմ, որ դրանք կբարելավեն մարդկանց կյանքը ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպական միությունում։
 
Ստորագրեցինք նաև այլ համաձայնագրեր, որոնք կոչված են բարելավելու Հայաստանի և ԵՄ-ի կապակցվածությունն օդային և ցամաքային ճանապարհներով։ Խնդրել ենք քաղաքացիական հասարակության կազմակերպություններին օգնել մեզ իրենց խորհուրդներով և առաջարկություններով, որպեսզի այս համաձայնագրերն իսկապես հաջողված լինեն»,-նշել է Մոգերինին։
 
Հիշեցնենք՝ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: