Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակվում են Մաշտոցի պողոտայի թունելային մուտքի վերանորոգման և հեղեղատար համակարգի հիմնանորոգման աշխատանքները: Ընթացքի մեջ են նաև 2018թ. ծրագրով նախատեսված կենտրոնական և բակային տարածքների ասֆալտապատման, մասնավորապես փոսալցման, փոսային նորոգման և ճաքալցման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է հատուկ հսկողության տակ պահել իրականացվող աշխատանքների որակը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Վարչական շրջանների ղեկավարներին և «Սանիթեք» ընկերությանը հանձնարարվել է իրականացնել աղբամանների և բնակելի շենքերի աղբամուղերի ախտահանում, ինչպես նաև համագործակցելով պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հետ՝ ակտիվացնել բազմաբնակարան շենքերի տարածքներում ու բակերում կրծողների դեմ կիրառվող դեռատիզացիոն աշխատանքները:
Խորհրդակցության ժամանակ «Երքաղլույս» ընկերության տնօրենը զեկուցել է, որ այսուհետ մայրաքաղաքի 10 հրապարակներ կլուսավորվեն երկարացված ռեժիմով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուսումնասիրել զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող տարածքների՝ մինչև լուսաբաց լուսավորված լինելու հնարավորությունը: Բացի այդ, տրվել է նաև հանձնարարական՝ մայիսի 1-ից անցնել լուսավորության երկարացված ռեժիմի: