Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը։
Այս օրենքով կարգավորվում է պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքներին առնչվող հարաբերությունները, սահմանվում են պետական պաշտոններ զբաղեցրած անձանց, իսկ պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ զոհվելու դեպքում՝ նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքները:
Ըստ այս օրենքի՝ Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի պատգամավորները, Կառավարության անդամները, Սահմանադրական դատարանի և այլ դատարանների դատավորները, Մարդու իրավունքների պաշտպանը, Հաշվեքննիչ պալատի նախագահը կենսաթոշակ ստանալու իրենց իրավունքը կկորցնեն, եթե կենսաթոշակային տարիքին հասնելուց հետո շարունակեն պաշտոնավարել։
Օրենքով կարգավորվում է նաև Հանրապետության նախագահի աշխատակազմի անդամներրի չափը, որը չպետք է 180 հոգուց ավելին լինի։
Ընդունված այս օրենքով Հանրապետության նախագահին կհատկացվի՝
1) Նստավայր Երևանում (հասցեն՝ Մաշտոցի 47):
2) Ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 4-րդ մասնաշենք):
3) Պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ (հասցեն՝ քաղաք Սևան, Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սևանի թերակղզու պետական ամառանոցի 1-ին մասնաշենք):
4) Հատուկ նշանակության ավտոտրանսպորտ:
5) Հանրապետության նախագահի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:
Օրենքը կագավորում է նաև պաշտոնաթող նախագահի սոցիալական երաշխիքները, ըստ որի, պաշտոնաթող նախագահին տրամադրվում է ավտոտրանսպորտ և, իր ցանկությամբ, կահավորված գրասենյակ: Նախագահի գրասենյակի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է նախագահի աշխատակազմին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացված միջոցներից։
Հանրապետության նախագահի կենսաթոշակային ապահովումը պաշտոնաթողությունից հետո նշանակվում է հատուկ կենսաթոշակ` Հանրապետության նախագահի` օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի 70 տոկոսի չափով:
Վարչապետի լիազորությունների իրականացումն ապահովում է վարչապետի աշխատակազմը, որի տեղակայման վայրը որոշում է Կառավարությունը, վարչապետի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը սահմանում է վարչապետը, որը չի կարող գերազանցել 600-ը: Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով վարչապետի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ՝ ոչ ավել, քան տարեկան 150 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
Վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում են`
1) Նստավայր Երևանում (հասցեն՝ Բաղրամյան 26):
2) Ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 3-րդ մասնաշենք):
3) Պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ (հասցեն՝ քաղաք Սևան, Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սևանի թերակղզու պետական ամառանոցի 3-րդ մասնաշենք):
4) Հատուկ նշանակության ավտոտրանսպորտ:
5) Հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ: