Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո կառավարությունը նախագծում որևէ փոփոխություն չի կատարել, իսկ նախագծի վերաբերյալ միակ առաջարկը ներկայացրել է ՀՅԴ խմբակցությունը, որը չի ընդունվել:

 

«ՀՅԴ խմբակցությունն առաջարկել էր սահմանել, որ պետական պարգևներով չեն կարող պարգևատրվել Հայաստանի Հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողով ի նախագահը, Սահմանադրական դատարանի նախագահը և Բարձրագույն դատական խորհրդի նախագահը: Գործող օրենքում արդեն իսկ սահմանված է, որ հանրապետության Նախագահը չի կարող պարգևատրվել, քանի որ պարգևատրողը հենց ինքն է և պարգևատրողն ու պարգևատրվողը տվյալ դեպքում համընկնում են: Մենք օրենքում ավելացրել ենք նաև, որ չի կարող պարգևատրվել նաև վարչապետը, քանի որ վարչապետին պարգևատրելու համար Նախագահին միջնորդություն ներկայացնողը հենց ինքը վարչապետն է, հետևաբար, այստեղ մենք արգելք ենք սահմանել, քանի որ վարչապետը չի կարող նախագահին միջնորդել իրեն պարգևատրելու վերաբերյալ: Սակայն Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի դեպքում վարչապետը լիազորություն ունի միջնորդություն ներկայացնել պարգևատրման համար, ուստի մենք չենք ընդունել ՀՅԴ-ի առաջարկը, որովհետև վարչապետը կարող է նախագահին միջնորդություն ներկայացնել, օրինակ, Ազգային ժողովի նախագահին պարգևատրելու մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մանրամասնեց Հովհաննիսյանը:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը հիմնական զեկուցողից հետաքրքրվեց՝ հնարավոր չէ՞, արդյոք, ՀՀ վարչապետին պարգևատրելու լիազորություն սահմանել ՀՀ նախագահի համար: Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ տվյալ դեպքում իրենք բախվելու են խնդրի, քանի որ օրենքով հստակ սահմանված է, որ պարգևատրումը նախագահի կողմից իրականացվում է բացառապես միջնորդավորված: «Այսինքն՝ մենք չենք կարող նախագահի համար նման լիազորություն սահմանել, քանի որ պարգևատրումը պետք է բացառապես միջնորդավորված լինի, ինչ-որ մեկը պետք է միջնորդի, որպեսզի նախագահը պարգևատրի, իսկ տվյալ դեպքում վարչապետի պարգևատրման համար միակ միջնորդողը հենց ինքը վարչապետն է, ուստի մենք այդ արգելքը դրել ենք»,- պարզաբանեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալը:

 

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն տվեց օրենքի նախագծին և ընդգրկեց այն լիագումար նիստերի օրակարգում: