Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝ «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ» 112 էջից բաղկացած արտահերթ հրապարակային զեկույցում անդրադարձ կա նաև Գյումրու հոգական առողջության կենտրոնին։

ՄԻՊ-ի մշտադիտարկող փորձագետներն այստեղ ևս արձանագրել են մի շարք խախտումներ, մասնավորապես կապված հոգեկան առողջություն ունեցող անձանց պահպանման պայմանների՝ գերբնակեցման, լոգանքի՝ 10 օրը մեկ կազմակերպման, ճաշասենյակներում սեղանների և աթոռների քանակի անբավարարության, հիվանդասենյակներում արհեստական լուսավորության ոչ բավարար պայմանների, տաքսաֆոնների կամ հեռախոսների բացակայության, ժամկետանց դեղորայքի առկայության, դեղորայքային բուժումից բացի այլընտրանքային մեթոդներ չկիրառելու, հիվանդության պատմագրերի ոչ պատշաճ վարման, ինչպես նաև բուժական վճարովի ծառայությունների ցանկ ունենալու հետ։

 

Մենք այսօր այցելեցինք Գյումրու հոգեկան առողջության կենտրոն՝ պայմանները ֆիքսելու ու ՄԻՊ-ի զեկույցի շուրջ տնօրենի պարզաբանումները լսելու համար։

Տնօրեն Նադյա Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ արձանագրված որոշ խախտումների հետ համամիտ է, օրինակ՝ չի կարող ժխտել, որ կենտրոնը ներքին հարդարման կարիք ունի, գերբեռնված է։

Սակայն, ըստ նրա, ի սկզբանե՝ 2003 թվականին, երբ Դոսաֆի շենքը տրամադրել են Գյումրու հոգեկան առողջության կենտրոնին, այն 65 հիվանդի համար է նախատեսված եղել։

Տիկին Վարդանյանի ասելով, երբ ՄԻՊ-ի ներկայացուցիչները եկել են Գյումրի, այդ ժամանակ հոգեկան առողջության կենտրոնն իրոք ծանրաբեռնված է եղել՝ 50-55 հիվանդ է բուժվել այդ ընթացքում, նույնիսկ ստիպված են եղել հանգստի սենյակում հիվանդ պահել։

Մեր այցի պահին հոգեկան առողջության կենտրոնում բուժում էր ստանում 41 հիվանդ։ «Հիմա խտության առումով նորմալ պայմաններ են, քանի որ մեր բյուջեն պակասել է, ինքներս փորձել ենք և մարզպետարանի օգնությամբ, որ հիվանդները շատ երկար հոգեբուժարանում չմնան, որովհետև սա հիվանդանոց է, սա մշտական բնակության ինտերնատ չէ։ Եվ կարողացել ենք հիվանդների թիվը պակասեցնել։ Նախադեպը չի եղել․ մենք երբևէ այսքան քիչ հիվանդ՝ 41 հոգի չենք ունեցել», -ասաց տնօրենը։ Ի դեպ, ազգաբնակչության նվազող թվաքանակից ելնելով՝ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնին պետության կողմից հատկացվող գումարը 2015-2016թթ․ պակասել է 10 միլիոնով, 2017-2018 թվականներին՝ 6,5 միլիոնով։

Չնայած ֆինանսավորման պակասին՝ հոգեբուժարանի ծանրաբեռնվածությունը չի պակասել։ «Ես չեմ կարծում, որ ազգաբնակչության հոսքի հետ հոգեկան հիվանդություն ունեցող անձինք նույն արագությամբ տեղափոխվում են, նրանք այն խավն են, որոնք մնում են հայրենիքում», -ասում է Նադյա Վարդանյանը։ 

Ամբողջական հողվածը կարդալ Aravot.am-ում.