Հայաստանը եւ Լյուքսեմբուրգը տնտեսական հարաբերությունների զարգացման շատ հնարավորություններ ունեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը:
«Խոսքը նաեւ կրկնակի հարկումներից խուսափելու մասին է. Լյուքսեմբուրգը երկիր է, որտեղ կան ներդրումային ֆոնդեր, այս առումով, մենք մոլորակի երկրորդ պետությունն ենք, կարելի է ասել՝ աստղաբաշխական գումարներ են ներդրվում՝ չորս տրիլիոն եվրո, սակայն ցավոք, այս գումարը մեզ չի պատկանում, այլապես կարող էինք կիսվել ձեզ հետ: Սա գումար է, որը գալիս է մոլորակի բոլոր անկյուններից, մենք հանդիսանում ենք բանկային կարևոր կենտրոն: Իսկ Հայաստանը մի երկիր է, որը թե ես անձամբ, թե ԵՄ երկրները բարձր ենք գնահատում, եւ ուրախ ենք, որ կարողացանք գտնել համագործակցության մի ձեւաչափ, որը հատուկ մշակվել է Հայաստանի համար: Կարծում եմ՝ այն շատ լավ գործում է տնտեսության, մարդու իրավունքների, բոլոր ինստիտուցիոնալ բարեփոխումների համար, որոնք իրականացվում են ձեր երկրում»,-ասաց Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը:
Նա նշեց, որ առավոտյան իր պատվիրակության հետ միասին եղել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, ինչն անչափ կարեւոր էր նրանց համար:
«Որպես արտգործնախարարներ, դիվանագետներ՝ ամեն ինչ պետք է անենք, որ նման բաներ չկրկնվեն»,-ասաց Ժան Ասելբոռնը: