Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում այսօր կկայանա այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ՀՀ նախագահի 2013թ. ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի արտերկրյա առաջին այս այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների լայն օրակարգ, և երկկողմ հարաբերությունների օրակարգից բացի, ՀՀ և ՌԴ նախագահները կանդրադառնան ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հարցերին:
Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ շոշափվելու են Մաքսային միության և Եվրասիական միության հետ կապված հարցեր։
«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանի գնահատմամբ՝ տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացները իրականացնող, խթանող կառույցներից Եվրասիական միությունը ոչ, բայց Մաքսային միությունը Ռուսաստանը «կփորձի մեր վզին փաթաթել»:
«Եվրասիական միության հետ կապված վտանգ չեմ տեսնում, քանի որ այդ ինստիտուտը նույնիսկ մարմնավորված չէ, իդեա է առայժմ, կգա 2015-ը, կխոսենք»,- կարծիք հայտնեց քաղաքագետը: Ինչ վերաբերում է Մաքսային միությանը, որին անդամակցությունն, ըստ քաղաքագետի, չի բխում Հայաստանի պետական շահերից, այն կոնկրետ ինստիտուտ է, որը գործում է: Թեև այնտեղ էլ Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան համագործակցության մասով շատ անելիքներ:
«Ինչո՞ւ էդպես շուտ մեր վզին կփորձեն փաթաթել էդ կառույցը, մի քիչ զարմացնում է ինձ, քանի որ Ռուսաստանի համար ավելի կարևոր է Ուկրաինան, նրա շուկան»,- մեկնաբանեց Ստեփան Գրիգորյանը: Գործոններից մեկը, որոնց պատճառով Ռուսաստանը սկսեց «մեզ հետ էդ թեմայով» ավելի շուտ խոսել, ըստ նրա, այն է, որ Ռուսաստանի ուշադրության կենտրոնում հայտնվեցին այն կարծիքները, որ Հայաստանը վերջին շրջանում հավասարակշռված քաղաքականություն է վարում: Մյուս կողմից, քաղաքագետը նշում է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունը, որ Հայաստանի այս քաղաքականությունը օրինակելի է:
«Եվ դրա համար էլ Ռուսաստանն ուզում է ճշտել՝ այդքան «օրինակելի» է՞: Բայց Հայաստանը պետք է շարժվի իր շահերով, և բացառվում է ցանկացած փաստաթղթի ստորագրում, որը չի բխում մեր շահերից ու թուլացնում է մեր ինքնիշխանության աստիճանը»,- ասաց նա:
Ստեփան Գրիգորյանի բացատրությունը հարցին, թե ինչու Մաքսային միությանն անդամակցությունը չի բխում ՀՀ շահերից շատ պարզ է: Այն է՝ քանի որ չկա ընդանուր սահման: Եթե լիներ այդ երկրներից որևէ մեկի՝ Ղազախստանի կամ Բելառուսի հետ, «կարելի էր խոսել»:
Նա բերեց Ֆրանսիայի և Կորսիկայի օրինակը, երբ Կորսիկայի հետ սահման չունեցող Ֆրանսիան ստիպված է դոտացիա հատկացնել կղզուն: Բացի այդ, նշեց, որ եվրոպական շուկաներ դուրս գալու համար Հայաստանի առաջ դրվող նախապայմանները մեզ թելադրում են կանոններ և նորմեր, որոնք շատ օգտակար են Հայաստանի տնտեսության համար: «Օրինակ, օրենքով աշխատել, որ արտադրված ապրանքների որակը բարձր լինի, կիրարկել հակամենաշնորհային օրենքները: Իսկ որ բերում են Ռուսաստանի օրինակը, որ մեր բրենդները ծախսվում են, հիմա Ռուսաստանում ամեն ինչ էլ կարելի ծախել, անգամ «լևի»ապրանք , բայց դա չի նշանակում, որ մեզ համար լավ է»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:
Նշենք, որ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը օրերս Tert.am –ի հետ զրույցում, անդրադառնալով Սերժ Սարգսյանի մոսկովյան այցին՝ կարծիք էր հայտնել, որ աբխազական երկաթգծի վերագործարկման հարցը ևս լինելու է օրակարգում և մեջբերել ռուսաստանյան «Եդինայա Ռոսիայի» գլխավոր գաղափարախոսի համարում ունեցող Ալեքսանդր Դուգինի խոսքերը, որ ՌԴ-ն հանուն հետխորհրդային տարածքի երկրներում ինտեգրացիոն պրոցեսների, պատրաստ է լինելու «գիտակցաբար գնալու տնտեսական ու ֆինանսական զոհողությունների»:
Այլ խոսքով՝ գիտակցաբար իր վրա կվերցնի լրացուցիչ բեռ և իր ռեսուրսների հաշվին կկարողանա առաջ շարժել նշված տիրույթում ինտեգրացիոն ծրագրերի իրականացումը, ինչի մարմնավորումը կարող է լինել տրանսկովկասյան երկաթուղային նախագծի վերագործարկումը Կովկասում և այդ տարածաշրջանին հարող տարածքներում:
Այս կապակցությամբ Ստեփան Գրիգորյանն ասելիք չունի։ Եթե Ռուսաստանը պատրաստ է իր վրա վերցնել ծախսերը, ապա Մաքսային միությունը մեզ համար վնաս չէ:
«Աշխարհում կան, այո, օրինակներ, երբ երկու պետություններ ընդհանուր սահման չունեն և առևտրատնտեսական հարաբերություններում մեծ պետությունն օգնում է փոքրին»,- ասաց Ստեփան Գրիգորյանը, բայց նկատեց, որ եթե դա չլինի, ապա միանշանակ դա չի կարող ձեռնտու լինել Հայաստանին: Մանավանդ որ այսօր Եվրոպայի հետ մերձեցման գործընթացների մեջ ենք հենց առևտրի ոլորտում, որն, ըստ Գրիգորյանի, Հայաստանի տնտեսության համար իրոք շուկաներ կարող է բացել: