Ջազի երկրպագուներին մեծ տոն է սպասվում: Ապրիլի 30-ին' Ջազի միջազգային օրը, Երևանում ելույթ կունենան ինչպես հայ, այնպես էլ օտարազգի հայտնի ջազմեններ: Այս մասին «Իրավունք» թերթի «Ուղիղ կապ» նախագծում հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը:

«Այս տարի լրանում է նաև հայկական ջազի 80-ամյակը: Ուստի Գաֆեսճեան արվեստի կենտրոնի տարածքում գեղեցիկ համերգ է անցկացվելու: Այն բաղկացած կլինի երկու մասից: Արտերկրից հրավիրել ենք երկու հանրահայտ երաժիշտների, հանդես կգան նաև հայկական ջազի վարպետները' Մարտին Վարդազարյանը, Ստեփան Շաքարյանը, Երվանդ Երզնկյանը և այլք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հովհաննիսյանը:

2011թվականի վերջերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է բանաձև, համաձայն որի, 2012 թվականից ապրիլի 30-ը նշվելու է որպես Ջազի միջազգային օր:

Ջազն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ և առ այսօր շարունակում է մնալ երաժշտական արվեստի բացառիկ ձև, որը միավորում է ազգերին, վերացնում սահմանները մարդկանց և պետությունների միջև:

«Ջազն իր ողջ պատմության ընթացքում եղել է դրական փոփոխությունների գործոն, որպիսին շարունակում է լինել նաև այսօր... Իր ակունքներում ունենալով ստրկությունը՝ ջազը կեղեքման բոլոր ձևերի դեմ հանդես եկող երաժշտություն է, որը խոսում է ազատության լեզվով և կարևոր նշանակություն ունի բոլոր մշակույթների համար»,-ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան: