Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը կարծում է, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումներից հետո փոփոխություններն արդեն նկատելի են: Մարզահամերգային համալիրում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղարն ընդգծեց, որ ցանկացողները կտեսնեն' մեր երկրում իսկապես որակական արմատական փոփոխություններ են տեղի ունեցել:
«Ես կարծում եմ, որ նույն տեմպերով շարունակելու, պատասխանատու լինելու պարագայում չի ուշանա ամենօրյա հարցի պատասխանը, թե ե՞րբ են հասարակ քաղաքացիները զգալու այդ փոփոխությունները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշեց Վարդանյանը' շեշտելով, որ դրա համար ժամանակ է հարկավոր:
Աղվան Վարդանյանը վստահ է, որ ունենալու ենք հրաշալի, ուժեղ, արդար և սոցիալապես ապահով երկիր:
Հայաստանի Հանրապետությունն ապրիլի 9-ից անցում է կատարում լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի: Լրանում է Նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը: Այսօր կառավարման նոր համակարգում նախագահի լիազորությունները ստանձնեց Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը: