ԱԺ-ում այսօր քննարկվում է «Դեղերի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Պատգամավորներն առաջարկում են դեղեր ներկրելու իրավունք վերապահել նաև հիվանդանոցներին, բայց միայն վերջիններիս գործունեության համար: Օրենքի նախագծի հեղինակները ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը, դաշնակցական Աղվան Վարդանյանն ու մի խումբ պատգամավորներ են: Երկար մտածելու կարիք չկա հասկանալու համար, թե մի խումբ պատգամավորները իրականում ովքեր են և ում համար են Հակոբյանն ու Վարդանյանը օրենքի նախագիծ երկնել, անցկացրել ԱԺ հանձնաժողովի երկար ու ձիգ քննարկումների միջով ու հասցրել ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: ՀՀ բուժհաստատությունների տնօրենները և սեփականատերերեը գրեթե 100%-ով ՀՀԿ անդամ են, նրանց բացարձակ մեծամասնությանը իշխանությունները չդիպան` տնտեսական մենաշնորհի դեմ պայքարը վերածելով նախընտրական շոուի:
 
Բացի այդ, գաղտնիք չէ, որ մեր երկրում բուժհաստատությունները պատահական մարդկանց սեփականություն չեն կարող լինել: Գործող պաշտոնյաները քիչ էին՝ նրանց էլ օրեցօր ավելի մեծ թվով մանր ու միջին, ներկա և նախկին գործընկերներ են միանում: Սրանց բոլորին համակել է ԲԿ բացելու թրենդը և մեծ գումարներ վաստակելու մոլուցքը:
Հակոբյան-Վարդանյան տանդեմի օրինագիծը բխում է հենց ԲԿ-ի սեփականատեր կուսակիցների և կոալիցիոն գործընկերների շահերից: Համաձայնեք՝ առնվազն տարօրինակ կլիներ, եթե նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գար Արա Բաբլոյանը կամ Լևոն Ալթունյանը: Էլ չենք խոսում Սամվել Ալեքսանյանի օրենսդրական գլուխգործոցների մասին. Սամվել Ալեքսանյանի ելույթը ԱԺ ամբիոնի մոտ ավելի տարօրինակ և անսպասելի կլիներ, քան ԵԼՔ-ի այսօրվա՝ ճայտրուկներով ակցիան:
 
Գուցե դա է պատճառը, որ Ալեքսանյանը, պաշտպանելով մեզ ավելորդ սթրեսներից, սեփական բիզնես շահերի պաշտպանությունը վստահել է Թունելի Հակոբին: Վերջինիս հոգեզավակը հանդիսացող նախագիծը քաոս է առաջացնելու դեղերի շուկայում և որևէ կերպ չի նպաստելու դեղերի գների իջեցմանը: Փոխարենը՝ էականորեն կօրինականացնի արդեն իսկ գործող մենաշնորհները: Ընդ որում. օրենքի գլխավոր շահառուները կարծես թե շտապում են, քանի որ թե՛ Ալթունյանի, թե՛ Բաբլոյանի՝ պաշտոններում վերանշանակվելը խիստ կասկածի տակ է: Հավերժ է միայն Սամվել Ալեքսանյանը…
 
 
Ստելլա Խաչատրյան