Հայտնի հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանին հայհոյանք հասցնելու մասին գրառումը դիտարկվում է որպես վիրավորանք, և քանի որ Հայաստանում վիրավորանքն ապաքրեականացված է, ՀՀ ոստիկանությունը այս դեպքում որևէ քայլ չի կարող ձեռնարկել: Այս մասին նշեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
«Քաղաքացին կարող է դիմել դատարան և քաղաքացիաիրավական հարթակում լուծել այդ հարցը»,- ասաց Ջանոյանը:
Այն հարցին, թե այս դեպքում արդյոք չկա՞ն խուլիգանության հատկանիշներ, Ջանոյանը պատասխանեց, որ եթե քաղաքացին մտածում է, որ իր նկատմամբ կատարվել է խուլիգանություն պետք է մասնավոր գանգատով դիմի ոստիկանության բաժին: «Հաղորդման հիման վրա ոստիկանությունը կպարզի դա խուլիգանություն է, թե վիրավորանք: Կարծում եմ՝ ըստ Նազենի Հովհաննիսյանի գրառման` դա վիրավորանք է»,- ասաց Ջանոյանը:
Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի կարծիքով` դեպքը կարելի է դիտարկել որպես հրապարակային վիրավորանք: «Այստեղ գործ ունենք քաղաքացիաիրավական հարաբերությունների հետ: Անձը կարող է դիմել քաղաքացիական հայցով, և դատարանը կարող է հրապարակային վիրավորելու մասին որոշում կայացնել, պահանջելով բարոյական վնասի փոխհատուցում կամ՝ վիրավորանք հասցրած անձը հրապարակային ներողություն խնդրի»,- ասաց Ղազարյանը:
Հայտնի հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել իր նկատմամբ վիրավորանք հասցնելու մասին: Հաղորդավարուհին նշել էր, որ մի խումբ անձինք իր հետևից հայհոյանքներ են հնչեցրել: «Չկարողացա «չլսել», ասում եմ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈ՞Ւ ԵՔ ձեր խոսքերի համար, գոնե հասկանո՞ւմ եք ինչ եք ասում, կամ ԻՆՉԻ ԵՔ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԴՈՒՔ...ԹԵ՞ ձեր «տղամարդկությունը» միայն կնոջ մեջքի հետևից հայհոյանքով է դրսևորվո՞ւմ: Ասում եմ հասկանո՞ւմ եք որ էստեղ ԿԱՆԱՅՔ ԾՆՆԴԱԲԵՐՈՒՄ ԵՆ, ու ցավոք, նաև ձեզ պես վիժվածքների»,- գրել էր Հովհաննիսյանը: