Երևանի փողոցներում, որտեղ ապրիլի 16-ի առավոտից Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները կաթվածահար էին արել երթևեկությունը, վերականգնվել է մեքենաների շարժը:
Քաղաքի փողոցներում՝ բացառությամբ Պռոշյան-Բաղրամյան ճանապարհահատվածի և Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկի, Ֆրանսիայի հրապարակի, երթևեկությունը վերականգնված է:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները ապրիլի 16-ի վաղ առավոտից փակել էին Երևանի մի շարք բանուկ փողոցներ՝ խոչընդոտելով բնականոն երթևեկը: Մասնավորապես, երթևեկը կաթվածահար է եղել Բաղրամյան-Մոսկովյան, Կորյուն-Աբովյան խաչմերուկներում, Հերացու՝ դեպի Նոր Նորք բարձրացող հատվածում, Ֆրանսիայի հրապարակում, Երիտասարդական մետրոյի մոտ, Մաշտոցի պողոտայում:
Րոպեներ առաջ ՀՀ ոստիկանությունը տարածել էր հաղորդագրություն՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով դադարեցնել հավաքը: Պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ: