Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ցուցարարները շարունակում են երթ իրականացնել երևանյան փողոցներով։ Ցուցարարներն այս պահին գտնվում են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:

Լարված իրավիճակ է նաև Արշակունյաց պողոտայում։ Այստեղ մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակված, որոնք փորձում են վերականգնել երթևեկությունը։

Նշենք, որ հավաքի մասնակիցները փակել են նաև Մաշտոց-Պուշկին խաչմերուկը և կոչ են անում միանալ իրենց: Ոստիկաններն այնտեղից բերման ենթարկեցին 6 մարդու և բացեցին ճանապարհը և չնայած դրան՝ տասնյակ վարորդներ ազդանշաններով շարունակում են միանալ ցուցարարներին: 

 

Նոր Նորք-Ավան տանող ճանապարհները նույնպես կաթվածահար վիճակում են:

Ցուցարարների մի մեծ խումբ էլ Հանրապետության հրապարակից երթով հասել է Սախարովի հրապարակ և փակել խաչմերուկը:

Փակվել են նաև Գյուլբենկյան փողոցը, Կոմիտասի պողոտան, Մաշտոցի պողոտան, Դավիթաշենի կամուրջը, Եղվարդի մայրուղին, Գրիգոր Լուսավորիչ փողոցը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Կիևյան փողոցում հսկա բեռնատարների վարորդները փակել են ճանարհի երթևեկելի հատվածը, իջել իրենց մեքենաներից և միացել ցույցի մասնակիցներին։