Այսօր տված հարցազրույցներից մեկի ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն անդրադարձել է վերջին օրերին կատարվող բողոքի ակցիաներին և իշխանության այն առաջարկին, որն արել են ցուցարարներին՝ նստել երկխոսության:
«Իրապես շատ ծանր և լարված իրավիճակ է հիմա երկրում և այն քաոսային արագությամբ զարգանում է: Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի առաջարկը բավականին ուշացած առաջարկ է: Մարդիկ հավատ չունեն: Ես ասել եմ՝ մենք գիտենք, որ Դուք բան չեք փոխելու և ի՞նչ արեց Սերժ Սարգսյանը՝ մեծ արագությամբ նշանակեց բոլոր նույն նախարարներին: Հիմա ինչի՞ մասին է Սերժ Սարգսյանի երկխոսության կոչերը, ի՞նչ է ուզում, որ երկխոսենք, ո՞ւմ է ուզում, որ երկխոսեն: Հիմա բոլորին ասում է, որ հրաժարական չեմ տա և ասում է՝ եկեք երկխոսենք»,- ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը
Ըստ Մարուքյանի՝ մի կողմից Սերժ Սարգսյանն է իր՝ հրաժարական չտալու տրամադրվածությամբ, մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը՝ դարձյալ անզիջում քաղաքականությամբ:
«Մեր սիրելի գործընկերը՝ Նիկոլ Փաշինյանը, ասում է՝ Սերժ Սարգսյանը քաղաքական դիակ է, իր հետ խոսելու բան չկա, այսինքն՝ երկու կողմերն էլ որևէ փոխզիջման ճանապարհ չեն թողնում և շարժվում են առաջ, որի արդյունքում ունենք ծայրահեղ լարված իրավիճակ: Մենք հասարակությունը բաժանել ենք երկու մասի՝ ով սիգնալ չի տալիս, մտածում են՝ տականք է, սիգնալ չտվողները մտածում են՝ տվողներն են տականք: Սա ի՞նչ է, էս ո՞ւր ենք գնում: Այո՛, լավ է, որ երիտասարդները ոտքի են կանգնել, որ կարող են դա, բայց որ երկու կողմերն էլ այսպես անզիջում շարունակեցին, մենք շատ մեծ խնդիր ենք ունենալու: Այդ վտանգից խուսափելու համար կարծում եմ, որ պետք է փնտրել լուծումներ»,- հավելել է Մարուքյանը:
Ըստ Մարուքյանի՝ լուծումը երրորդ ճանապարհ է, որի մասին ինքն արդեն խոսել է՝ եթե 30 տոկոս ու իրական ընդդիմություն լիներ, այս վիճակը չէր լինի:
«Մենք մաշելով գնում ենք բոլոր սրբությունները. չկա մի մարդ, ով կարող է իրավիճակին լուծում տալ: Իրականությունը վերածվել է սև ու սպիտակի: Վերջին հաշվով, կան հազարավոր մարդիկ, ովքեր հոգնել են էս ամեն ինչից, հասկանո՞ւմ եք, զզվել են, զզվել են բոլորից: Նիկոլ Փաշինյան ջան, բա ի՞նչ եղավ բաց ձեռքերի պայքարը, բա ի՞նչ եղավ ատելություն չքարոզելը, ո՞ւր է դա: Էս ի՞նչ է կատարվում երկրում: Ինչի՞ են մարդիկ մտածում, որ նա, ով սիգնալ է տալիս լավն է, ով չի տալիս՝ տականք է: Սև ու սպիտակը միշտ խնդիր է առաջացրել, մենք դա 30 տարի տեսել ենք, տեսել ենք նաև անկոմպրոմիս պայքարի արդյունքը: Ես տեսնում եմ, որ իշխանությունը գնում է Մարտի 1-ի ճանապարհով: Մենք դեմ ենք այս սև ու սպիտակ բաժանմանը: Էս ո՞ւր ենք ընկել, ովքե՞ր եք դուք ընդհանրապես»,- հավելել է Մարուքյանը:
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորը նաև ասել է, որ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի թե՛ իր, թե՛ Արամ Սարգսյանի հայացքները: Եթե իրենց մոտեցումները ընդունված լիներին, իրենք կլիներին այնտեղ: Ինչ վերաբերում է իր մատնանաշած երրորդ ճանապարհին, ապա Մարուքյանն այդպես էլ չի մանրամասնել: Մարուքյանը նաև ասել է, որ եթե սրացումներ չլինեն ու ինքն այս գիշեր Ստրասբուրգ գնա, կպատմի, թե ինչ է կատարվում Հայաստանում, որպեսզի գան ու անեն ամեն ինչ, որպեսզի խաղաղ բնակչության նկատմամբ ուժ չկիրառվի: