Ապրիլի 13-ից Երեւանում ծավալված զանգվածային միջոցառումներին ներկա գտնվող անձանց կողմից կատարվել են բազմաթիվ առերեւույթ հանցագործություններ: Այս մասին ասված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում:
Դրա համաձայն՝ մասնավորապես, բռնություններ են կիրառվել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, ինչպես Երեւանի, այնպես էլ հանրապետության այլ քաղաքներում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, խուլիգանություններ, վնասվել կամ ոչնչացվել է պետական, համայնքային կամ քաղաքացիներին պատկանող գույքը:
Այդ դեպքերի կապակցությամբ հարուցվել են քրեական գործեր, որոնց շրջանակում տարբեր հանցագործություներ կատարելու կասկածանքով հարկադրանքի միջոցներ են կիրառվել 3 տասնյակից ավելի անձանց նկատմամբ:
«Վերը նշված դեպքերի առիթով հարուցված քրեական գործերի ուսումնասիրությունը վկայում է, որ զանգվածային միջոցառումների կազմակերպիչների, առանձին մասնակիցների գործողությունները, բացի կազմակերպված բնույթի հանցավոր դրսեւորումներից, նաեւ նպաստում են լոկալ, հանրության համար վտանգ ներկայացնող արարքների կատարմանը»,- ասված է հայտարարությունում: