«Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը հայատարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ այս օրերին պլանային աշխատանքներ է իրականացնում սահմանված կարգով: Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ. 

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գազաբաշխման ցանցում նախատեսված պլանային աշխատանքներն իրականացնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան որոշմամբ հաստատված «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով» սահմանված կարգով:

 

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 27-ին Գյումրի քաղաքի Ռուսթավելի փողոցում իրականացվում են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ, ինչի մասին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը հեռուստատեսությամբ նախապես տեղեկացրել էր բաժանորդներին:

Ընդգծում ենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իրականացնում է իր ամենօրյա գործառույթները, այդ թվում գազաբաշխիչ ցանցում պլանային պրոֆիլակտիկ և  նորոգման աշխատանքները՝ բաժանորդների անխափան, հուսալի և անվտանգ գազամատակարարումն ապահովելու նապատակով:

Ընդ որում, բոլոր պալանային աշախատանքներն իրականացվում են «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով» սահմանված ժամկետներում»: 

Սոցիալական ցանցերի մի խումբ օգտատերեր օրերս համացանցում ակտիվորեն գրառումներ էին անում այն մասին, թե իբր «Գազպրոմ Արմենիա»-ն անջատել է որոշ հատվածների գազամատակարարումը՝ պայմանով, որ այն կվերականգնվի միայն բնակիչների կողմից ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին (2001-2010 թթ. եղել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն) սատարելու դեպքում: