ՀՀ Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 30-ամյա քաղաքացին տեղում մահացել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ահազանգը ստացվել է ապրիլի 30-ին' ժամը 02:50-ին առ այն, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, առկա է գազի արտահոսք: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և հայտնվել դաշտում: Բախման հետևանքով առաջացել է գազի արտահոսք:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը՝ 1988 թվականին ծնված Ա. Ա.-ը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: