«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը  պարզել է՝ սահմանին   թշնամու կողմից ոչ մի տեղաշարժ չկա: «Դուրս կգանք  կապացուցենք, երեւի ադրբեջանցիները ավելի խոհեմ են, քան մենք»,- ասաց նա:

   Թշնամու տեղաշարժի մասին հայտարարությունը արել էր  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը:

 

  « Ամեն անգամ այդպիսի հայտարարություններ մի արեք:  Երբ ժողովուրդը ընբոստացել է,  նման բան եք ասել, այլեւս դա չի  անցնի»,- ասաց  ԱԺ պատգամավորը:

    Անդրադառնալով ՀՀԿ պատգամավորների հայտարարությանը, թե  Նիկոլ Փաշինյանը  չի կարող վարչապետ լինի,  Սասուն Միքայելյանը նշեց.  «Ես էլ եմ համաձայն,  նա չի կարող բանդայի վարչապետ լինի, ինքը  ուզում է ՀՀ վարչապետ լինի»:

   Նրա խոսքերով՝ ժողովրդին հրապարակում ոչ թե իրենք են հավաքել, այլ իշխանությունն է ժողովրդին տարել հրապարակ, քանի որ ուզում են ազատ ապրել. «Կրակի հետ խաղ մի արեք»: 

  Նա ելույթի վերջում կոչ արեց քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին՝ անդառնալի հետեւանքներից խուսափելու համար:  Ելույթից հետո Միհրան Պողոսյանը շարժվեց Սասուն Միքայելյանի ուղղությամբ՝ ենթադրվում է հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու: 

  Հանրապետական պատգամավորին հետ պահեց Գագիկ Ծառուկյանը: