Սահմանադրագետ Վարդան Այվազյանն ան կարծիքին է, որ Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակում մարտահրավերներին դիմակայելու համար պետք է միավորվել՝ ինչպես 2016-ի ապրիլին:
«Իմ մասնագիտական կանխատեսումներով՝ վաղը, այդուհանդերձ, վարչապետ կընտրվի, բայց ես չեմ կարող ասել՝ 20-օրյա ժամկետում ծրագիր ներկայացնելու դեպքում այն կհաստատվի՞, թե՝ ոչ: Սա Սահմանադրության բացն է, ըստ էության՝ նման փակուղուց դուրս գալու համար տարբեր երկրներ իրենց փորձն ունեն: Այստեղ ամենաշատը մեծանում է Հանրապետության նախագահի դերակատարումը:
Պարզ է, որ հիմա ՀՀԿ-ն այլընտրանք չունի և կարող է քվեարկել ժողովրդի թեկնածուի օգտին, բայց թե որքանով վարչապետն իր ծրագիրը կներկայացնի պրոֆեսիոնալ ու կնպաստի ՀՀ պետականությանը դա այլ խնդիր է: Կարծում եմ՝ հանրությունը, հատկապես գիտական պոտենցիալը, պետք է մեկտեղվի և իր աջակցությունը ցույց տա իշխանություններին՝ անկախ նրանից, թե ով կլինի վարչապետ»,- ասաց Այվազյանը:
Սահմանադրագետի խոսքով՝ ճգնաժամի պատասխանատուները հավասարապես պետք է լինեն ընտրված վարչապետը և խորհրդարանի մեծամասնությունը. «Այս պայմաններում, երբ սահմանադրական փակուղիներ կան, մնում է հույս դնել քաղաքական ուժերի խոհեմության վրա, որ ներկուսակցական ամբիցիաներն ու շահերը կստորադասեն երկրի շահերին, համատեղ համագործակցության միջոցով կգնան ողջամիտ քայլերի: Ձեռք բերվածը պետք չէ վերածել ամբոխավարության և խառնաշփոթի»։
Սահմանադրագետը նշեց՝ եթե խորհրդարանը հաստատեց նոր կառավարության ծրագիրը, տեսականորեն այդ հաստատված ծրագրով կառավարությունը և վարչապետը էլի չեն կարող իրենց ծրագրերն ազատորեն կյանքի կոչել, քանի կա խորհրդարանական մեծամասնություն: Խորհրդարանը մի տարի հետո է իրավունք ստանում անվստահություն հայտնել կառավարությանը, բայց եթե նոր վարչապետը ձեռնամուխ լինի ԸՕ և հարակից օրենքների փոփոխությանը, և տեսնի, որ խոչընդոտում են, դրա լուծումը արտահերթ ընտրություններն են:
«Եթե հասարակության վարքագծային դրսևորումը բնորոշում ենք որպես խաղաղ անհնազանդություն, դա պետք է լինի իրավական կատեգորիա: Նման կատեգորիա չկա: Որպես օրինակ՝ բերեմ համակարգային ամբողջականությունից դուրս մնացած «Խաղաղ հավաքների մասին» մեր օրենքը: Դրա ամբողջ գաղափարախոսությունը հետևյալն է՝ հավաքների կազմակերպիչների համար դա խոսքի ազատության արտահայտման հարթակ է, իսկ մասնակիցների համար՝ տեղեկատվություն ստանալու և կարծիքներ փոխանակելու հարթակ»,- ասաց նա՝ անդրադառնալով «խաղաղ անհնազանդություն» կոչվող բառակապակցությանը:
Հարցին՝ արդյո՞ք վարչապետի ընտրության դեպքում կարելի է պնդել, որ քաղաքական վերջին իրադարձությունները հեղափոխություն էին, սահմանադրագետը պատասխանեց. «Չեմ կարծում, թե սա հեղափոխություն է, այն առավելապես իշխանության դեինստալյացիա է, որը եթե ուղեկցվի պետականության որակականության բարձրացմամբ, կարելի է արձանագրել, որ անցել ենք որակականության, իսկ եթե անցնի ինքնանպատակ, պարզվի՝ ժողովուրդը դժգոհ էր, ցասում ուներ, դրսևորեց, բերեց իր սիրած ղեկավարներին, սա հեղափոխություն չի լինի։
Բայց Աստված մի արասցե՝ այս սցենարը լինի, որովհետև ժողովուրդը հիասթափություն կունենա»,- ընդգծեց Այվազյանը։