Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ից միանգամից շտապեց հրապարակ՝ ողջունելու այնտեղ հավաքված, իրեն հավատացող ժողովրդին: Նրան դիմավորեցին անսահման ոգևորությամբ ու «հաղ-թա-նակ» վանկարկումներով:
Փաշինյանը հարթակ բարձրացավ Հայաստանի օրհներգի ուղեկցությամբ:
«Սիրելի ժողովուրդ, ՀՀ հպարտ քաղաքացիներ: Այսօր դուք հաղթեցիք և երբեք, այլևս երբեք որևէ մեկը չի համարձակվի որևէ ոտնձգության ընդդեմ ձեր այս հաղթանակի: Մենք հստակ արձանագրենք՝ որն է ձեր հաղթանակն ու դրա էությունը: Հաղթանակն այն չէ, որ ես ընտրվել են ՀՀ վարչապետ, հաղթանակն այն է, որ դուք եք որոշել, թե ով լինի վարչապետ: Այսուհետ միայն մեկ սուբյեկտ իրավունք ունի որոշելու, թե ով լինի իշխանության մեջ և այդ սուբյեկտը ՀՀ քաղաքացին է»,- իր ելույթում հայտարարեց Փաշինյանը:
Նա հայտարարեց, որ ծառայում է հայ ժողովրդին, ՀՀ քաղաքացիներին, Արցախի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը. «Կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք, որ արդեն ապրում ենք ազատ Հանրապետությունում»:
Հիշեցնենք՝ քիչ առաջ, ԱԺ հատուկ նիստում, 59 կողմ, 42 դեմ ձայներով Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: