ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ կառավարության նիստը վարելը շենքին մոտեցել է Հանրապետության հրապարակի կողմի գլխավոր մուտքից և հանդիպել շենքի առջև հավաքված մի խումբ բողոքող անձանց: Նա զրուցել է հավաքվածների հետ, լսել նրանց խնդիրները:
Շենքի առջև հավաքված մարդկանց մի խումբ ուներ «Հայաստանի խուլերի միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյան, հեռացիր» գրություններ, մի քանիսն էլ զոհված զինծառայողների կամ անհետ կորած անձանց ծնողներ էին: Փաշինյանը, լսելով խնդիրները, տեղից զանգ կատարեց, տվեց հանձնարարական, ապա մտավ կառավարության շենք՝ առաջին անգամ վարելու գործադիր իշխանության նիստը:
Մայիսի 8-ին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի կողմից 59 կողմ, 42 դեմ ձայներով ընտրվեց, ապա Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվեց ՀՀ վարչապետ:
Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: