Այսօր մամուլը գրեց այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Առողջապահության նախարարի պատոնում նշանակել փոխնախարարի պաշտոնակատար Սամվել Մարգարյանին։

Մարգարյանի հնարավոր նշանակմանը խիստ բացասաբար են արձագանքել բժիշկները՝ նշելով, որ նման նշանակմամբ առողջապահության ոլորտում առկա բոլոր խնդիրները ոչ միայն չեն լուծվի, այլ՝ ավելի կխորանան։

 

Ստորև ներկայացնում ենք «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայ»-ի հիմնադիր Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը Սամվել Մարգարյանի նշանակման վերաբերյալ․ 

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան առողջապահական ոլորտում մեծ ակտիվություն ցուցաբերող կառույց է ,բազմիցս հանդես է եկել մի շարք հրապարակումներով,ոլորտային խնդիրների բարձրացումով և դրանց լուծման ուղղություններ փնտրելով: Ներկայիս քաղաքական իրավիճակում՝ հաշվի առնելով կայացող փոփոխությունները հարկ ենք համարում ընդգծել ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնի առանձնահատկությունը և անդրադառնալ վերջին օրերին պտտվող նշանակման վերաբերյալ լուրերի մասին: Առողջապահության ոլորտի մասնագետների մեծամասնությունը դեմ է Սամվել Մարգարյանի նշանակմանը ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում:

Պատճառները բազմաթիվ են: Սամվել Մարգարյանը, դառնալով նախարար, առողջապահության համակարգը նախկին հունով կտանի, այսօրվա խնդիրները ոչ միայն չեն լուծվի, այլ կխորանան,մասնավորապես էլեկտրոնային առողջապահական համակարգի վարման արդյունավետ քաղաքականության բացակայության պատճառով այն կգնա տապալմանմնման օրինակները շարունակելի են:

Ավելին՝ Սամվել Մարգարյանը կրթությամբ տնտեսագետ է, ու չնայած նա լավ տնտեսագետ է, առողջապահության ոլորտը տեսնում է ոչ այնպես, ինչպես այն տեսնում են բժիշկներն ու հիվանդները՝ նրանք, ում այդ ոլորտը վերաբերում է առաջին հերթին։

Նրա նշանակման պարագայում առողջապահության ոլորտը կդիտարկվի միայն բիզնեսի տեսանկյունից և չի կարևորվի բժշկական ոլորտում առկա առաջնահերթություններն ու խնդիրները:

Եվ վերջապես Հայաստանում այսօր կան բազմաթիվ գրագետ, առողջապահության կազմակերպիչներ, որոնք կարող են, ստանձնելով այդ պատասխանատու պալշտոնը, լավ նախարար լինել ու օգնել առողջապահությունը կատարելապես նոր մակարդակի բարձրացնել»։