«Հասկաքաղ. Միհրան Թումաճան» խորագրով ցուցադրության նպատակը երախտավոր բանագետ, Կոմիտաս Վարդապետի աշակերտ Միհրան Թումաճանի կյանքի և գործունեության ուղին ներկայացնելն է: Ժամանակավոր ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ մայիսի 10-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցադրությունը ներառում է Հայաստանի և ԱՄՆ-ի արխիվներում պահվող բազմաթիվ նմուշներ, այդ թվում՝ անձնական իրեր, լուսանկարներ, նամակներ, փաստաթղթեր, ձեռագիր և մեքենագիր նյութեր, արխիվային և նոր երաժշտական կատարումներ, որոնք առաջին անգամ են ներկայացվում հանրությանը։
Ցուցադրության համադրող Նայիրի Խաչատուրեանի խոսքով` անհրաժեշտ նմուշներ են տրամադրել Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, Հայաստանի ազգային գրադարանը, Հայաստանի Հանրային ռադիոն, ինչպես նաև Թումաճան, Մեսրուպեան, Տինքճեան, Գրիգորեան և Թագակչյան ընտանիքները։
«Ներկայացրել ենք նաև Թումաճանի Կոմիտասին ուղղված նամակը: Կոմիտասի երկու անտիպ նամակ, որոնք նա գրել է 1914-ին Փարիզում և ուղղել իր հինգ սաներին»,-ասաց Նայիրին և հավելեց, որ Թումաճանը Կոմիտասի արժանի սանն էր, քանի որ իսկապես նվիրված էր հայ բանահավաքչությանը:
Թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանն ասաց, որ ցուցադրությանն առընթեր հրատարակվել է երկլեզու պատկերագիրք, որն ընդգրկում է ցուցադրության ցուցանմուշներ, գիտական հոդվածներ, որոնք անդրադառնում են Միհրան Թումաճանի կյանքին ու գործունեության ճյուղերին, նրա երաժշտագիտական և բանահավաքչական ժառանգության առանձին դրսևորումներին։ Գիրքը ներառում է նաև ձայնասկավառակ Թումաճանի գրառած երաժշտաբանահյուսական նմուշների արխիվային և նոր կատարումներով։
Ցուցադրության բացմանը հաջորդեց համերգ, որի ընթացքում հնչեցին Միհրան Թումաճանի գրառած հայ ժողովրդական երգերի նմուշներ։
Ցուցադրությունն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Միհրան Թումաճանը (1890-1973) իր կյանքի ողջ ընթացքում նվիրվել է հայ բանահյուսության հավաքման գործին։ Նա շարունակել է իր ուսուցչի՝ Կոմիտաս Վարդապետի առաքելությունը՝ մի շարք երկրներում (ԱՄՆ, Ֆրանսիա, Բուլղարիա)՝արևմտահայ գաղթականներից գրառելով հսկայածավալ նյութ և անմահացնելով հարազատ միջավայրից պոկված և օտարության մեջ նրանց հուշերում ապրող բանարվեստի նշխարները։