Գործադիր իշխանության փոփոխությունը Գլխավոր դատախազի համար հրաժարականի հիմք չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Ես դրա համար հիմքերը չեմ տեսնում»,- ասաց Դավթյանը:
Նա ընդգծեց, որ պետական ինստիտուտների մեջ ստեղծվում են անկախ մարմիններ, որոնց համար սահմանվում է դրանց կազմավորման, գործունեության անկախության համար երաշխիքներ:
«Գլխավոր դատախազի ընտրության համար սահմանվում են Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի 3/5-ով ընտրությունը: Այս կառուցակարգերը պատահական չեն, նրա համար են, որ այդ մարմինները լինեն անկախ գործադիր իշխանությունից: Այժմ մեր երկրում փոխվել է գործադիր իշխանությունը, սակայն եթե գործադիր իշխանության փոփոխությունը պետք է բերի անկախ մարմինների ղեկավարների փոփոխության, ուրեմն կարծում եմ, որ իրավական մտքի զարգացումը ուղղակի միֆ կլինի», - նշեց Դավթյանը։
Հարցին՝ ընդդիմադիրները Գլխավոր դատախազի անկախությունը նախկին իշխանություններից կասկածի տակ են դնում, Դավթյանը արձագանքեց. «Ես վստահեցնում եմ, որ ես քաղաքական որևէ կախվածություն չեմ ունեցել, չունեմ և որքան էլ աշխատեմ, երբեք չեմ ունենա»։