Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Ատոմ Ջանջուղազյանին, ով մինչ գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվելը նախարարի առաջին տեղակալ, գլխավոր գանձապետն էր: Հանդիպմանը ներկա էր նաև նախկին նախարար Վարդան Արամյանը: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Վարդան Արամյանին նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար:
 
«Պարոնայք Վարդան Արամյանն ու Ատոմ Ջանջուղազյանը ինձ հաճելիորեն զարմացրած անձինք էին իմ վարչապետ դառնալուց հետո: Հաճելի էր լսել, որ ֆինանսական համակարգը բնականոն աշխատել է՝ չնայած ներքաղաքական լարված իրավիճակին: Հույս ունեմ, որ առաջիկայում կկարողանանք հաղթահարել ցայտնոտի զգացումը: Առաջիկայում խնդիր ունենք պատշաճ ներկայացնել պետական բյուջեի, կարճաժամկետ ծախսերի նախագծերը: Համոզված եմ, որ այդ աշխատանքը կարող եք պատշաճ իրականացնել, պարոն Ջանջուղազյան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
 
Դիմելով Վարդան Արամյանին՝ վարչապետը նշեց. «Ձեզ համարում եմ պրոֆեսիոնալ մարդ, համոզված եմ, որ ամեն ինչ կանեք՝ նոր նախարարին աջակցելու հարցում»:
 
Արամյանը շնորհակալություն հայտնեց լավ խոսքերի համար և իր երախտիքի խոսքն ասաց նախարարության իր գործընկերներին: Նա նկատեց, որ Ջանջուղազյանը ֆինանսական համակարգին քաջատեղյակ անձնավորություն է, ով Հայաստանի գանձապետական համակարգի կնքահայրն է եղել. «Ես պատրաստ եմ բոլորին աջակցել ամեն հարցում»:
 
«Շնորհակալ եմ այս բարձր պաշտոնում մեր հայրենիքին ծառայելու հնարավորության համար»,-ասաց նորանշանակ նախարար Ջանջուղազյանը:
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահի հրամանագրով Ատոմ Ջանջուղազյանը Ֆինանսների նախարար է նշանակվել մայիսի 12-ին: